2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ «Փյունիկ Ակադեմիայի» մարզչական շտաբում ունեցանք փոփոխություններ. Գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանին և օգնական Հովհաննես Բարբարյանին գալիք մրցաշրջանում կփոխարինեն Լևոն Ստեփանյանը՝ որպես գլխավոր մարզիչ և Ստեփան Հարությունյանը՝ որպես օգնական:
«Փյունիկ» ընտանիքում Լևոն Ստեփանյանն աշխատում է 2021 թվականից: Փորձառու մասնագետը մինչև «Փյունիկի» Մ18 տարեկանների թիմը գլխավորելը եղել է «Փյունիկ 2007-2»-ի գլխավոր մարզիչ։ Ստեփանյանը նաև աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական «Փյունիկ 2007-1» և «Փյունիկ 2006» թիմերում:
Նախորդ մրցաշրջանում Ստեփանյանի գլխավորած «Փյունիկ 2007» թիմը՝ հաղթելով Հայաստանի Մ18 տարեկանների առաջնությունում և գավաթի խաղարկությունում, այս տարի մեզ համար ճանապարհ հարթեց դեպի Երիտասարդական Չեմպիոնների լիգա։
Լևոն Ստեփանյանի կարիերան հարուստ է նվաճումներով թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ մարզիչ։ Նա «Արարատի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն, ինչպես նաև եռակի գավաթակիր:
Ստեփանյանը մարզչական կարիերան սկսել է 2006 թվականից: Ճանապարհի սկզբում նա եղել է Իրանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Ռոհանի», «Փեյքանի» և «Նավթի» թիմերի գլխավոր մարզչի օգնական: Նույն երկրում Ստեփանյանը աշխատել է նաև «Խունե բե Խունեում» և «Շարդորիում»:
Մարզիչը գրեթե 3 տարի աշխատել է նաև Իրանի մինչև 19 տարեկանների հավաքականում:
Հայաստանում առաջին մարզչական քայլերը 53-ամյա մասնագետը կատարել է 2010 թվականին՝ 2 տարի մարզելով «Փյունիկ-2»-ը (այժմ «Փյունիկ Ակադեմիա»): Մարզիչն աշխատել է նաև «Դիլիջան ՖԱ»-ում:
«Շատ ուրախ եմ ստանձնելու «Փյունիկ Ակադեմիայի» գլխավոր մարզչի պաշտոնը: Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանն ինձ վստահելու համար։
Այս պահին մեր ողջ ներուժը տրամադրել ենք Չեմպիոնների լիգայում հաջողելուն, իհարկե չմոռանալով առաջնության մասին։ Վերջին անգամ «Փյունիկի» 2-րդ թիմին մարզել եմ 14 տարի առաջ և նպատակս հիմա էլ անփոփոխ է. պատրաստել ֆուտբոլիստներ հիմնական թիմի և տարբեր տարիքային հավաքականների համար: Այս կազմից շատ ֆուտբոլիստների հետ եմ աշխատել և գիտեմ նրանց ներուժը»:
Անդրադառնալով փոփոխություններին նշենք, որ գլխավոր մարզչի օգնական Ստեփան Հարությունյանը մարզչական կարիերան սկսել է 2021 թվականից՝ առաջին քայլերը կատարելով «Փյունիկում»:
Հայաստանյան ակումբներում՝ «Բանանց» ( «Ուրարտու»), «Լոռի», «Արարատ» և «Վեստ Արմենիա», Հարությունյանը որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ անցկացրել է 8 տարի։
Մեր մարզչական շտաբին և թիմին մաղթում ենք հաջողություններ գալիք մրցաշրջանում և Չեմպիոնների լիգայում։