0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Ստրուգա». Հաջողակ, երիտասարդ ակումբն ու հավակնոտ գլխավոր մարզիչը

«Փյունիկը» այս տարի պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից։ Մեր թիմը, ցավոք, չկարողացավ շրջանցել Մինսկի «Դինամոյին» ու եվրագավաթներում պայքարը շարունակելու է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլից։ Այստեղ մեր մրցակիցը Հյուսիսային Մակեդոնիայի գործող չեմպիոն «Ստրուգան» է, որը ամենաբարձր վարկանիշ ունեցող եվրոպական մրցաշարում ճանապարհը զիջել է Բրատիսլավայի «Սլովանին»։

«Փյունիկը» առաջին անգամ է հանդիպելու «Ստրուգային»։ Այնուամենայնիվ, Հայաստանի գործող չեմպիոնը եվրոպական ասպարեզում Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող թիմերի հետ հանդիպել է 8 անգամ և երբեք պարտություն չի կրել՝ 5 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 14։7-ի գոլային հարաբերակցություն։

Հյուսիսմակեդոնական թիմերի հետ դիմակայություններում մեր ամենաարդյունավետ ֆուտբոլիստը Էդգար Մանուչարյանն է` 3 գոլով։ Վիուլեն Այվազյանն ու Բակար Բալդեն աչքի են ընկել երկուական անգամ։

Մեր մամուլի ծառայության խոշորացույցի տակ «Ստրուգան» է, որն ունի 9 տարվա պատմություն:

Ակումբի ստեղծումը

2015-ին հիմնադրումից հետո ակումբը հանդես է եկել Հյուսիսային Մակեդոնիայի 4-րդ դիվիզիոնում ու աստիճանաբար բարելավել դիրքերը:

Պետք է ասել, որ երկրի հզորությամբ երկրորդ լիգայում թիմերը բաժանված են երկու տարբեր խմբերի՝ արևմուտք և արևելք: Եվ ահա, «Ստրուգան» 2018/19 մրցաշրջանի արդյունքներով արևմուտքի թիմերի շրջանում զբաղեցրել է առաջին հորիզոնականը և ձեռք բերել առաջին լիգայում` ներքին գլխավոր առաջնությանը, մասնակցելու իրավունք:

«Ստրուգան» ամրապնդվում է թոփերի շարքերում

Նորամուտի մրցաշրջանում «Ստրուգան» մրցաշարային աղյուսակում վերջինն էր՝ 10-րդը` վաստակած 25 միավորով: 

Մինչդեռ, 2020/21 մրցաշրջանում մեր մրցակիցը ոչ միայն պահպանում է տեղը ուժեղագույնների խմբում, այլև ապացուցում, որ արժանիորեն է հայտնվել այդտեղ. նրանք 57 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 3-րդ տեղը և ձեռք բերում Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փուլի ուղեգիր: 

 2022/23 մրցաշրջանում «Ստրուգան» առաջին անգամ իր պատմության մեջ հասնում է շոշափելի հաջողության` դառնալով երկրի չեմպիոն: 

Ազգային առաջնության հաղթողը այդ մրցաշրջանում 30 խաղից 20-ում տոնել էր հաղթանակ, գրանցել 8 ոչ-ոքի և կրել ընդամենը երկու պարտություն: 

Այդ մրցաշրջանում տպավորություն է թողնում արդեն ակումբի լեգենդի կարգավիճակ ունեցող Բեսարտ Իբրաիմին, որը 18 գոլով գլխավորում է մրցաշրջանի լավագույն ռմբարկուների մրցավազքը:  Հետաքրքրական է` Իբրաիմին 2009/10 մրցաշրջանում «Շալկե-04»-ի կազմում դարձել է Բունդեսլիգայի փոխչեմպիոն: 
Անցած մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարը ձգվում է մինչև վերջին տուրը: «Ստրուգան» և «Շկենդիան» առաջնությունը ավարտում են հավասար՝ 64-ական միավորով: Ի վերջո, Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոնի տիտղոսը լրացուցիչ ցուցանիշներով պաշտպանում է «Ստրուգան»: Նախորդ մրցաշրջանում նույնպես չեմպիոնական կազմից լավագույնը Բեսարտ Իբրաիմին էր, որը լավագույն ռմբարկուի կոչմանը հասնում է խփած 15 գոլով:

Եվրոպական ուղին

Ինչպես արդեն նշել էինք վերևում, «Ստրուգան» առաջին փորձը եվրագավաթներում կատարել է 2021/22 մրցաշրջանում՝ մասնակցելով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլին: Հյուսիսմակեդոնական թիմի համար պայքարն ավարտվել է հենց նույն փուլում՝ Լատվիան ներկայացնող «Լիեպայայից» կրած 2:5 հաշվով պարտությամբ: 

«Ստրուգան» իր երկիրը Չեմպիոնների լիգայում առաջին անգամ ներկայացրել է անցած մրցաշրջանում, որտեղ ևս պայքարը լքել է առաջին փուլում: Հետաքրքական է, որ «Ստրուգան» պարտվել է «Ժալգիրիսին», որին մեր թիմը հաղթել էր 2022/23 մրցաշրջանում Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի տնային խաղում (2:0):

Ինչպես հիմա, այնպես էլ նախորդ մրցաշրջանում, Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոնը նահանջել էր Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 2-րդ փուլ, որին հաջորդել են «Ստրուգայի» առաջին եվրագավաթային հաղթանակները: Հյուսիսմակեդոնացիները հետևում էին թողել չեռնոգորական «Բուդուչնոստիին» և Լյուքսեմբուրքի «Հեսպերանժիին» ու նրանց մեկ քայլ էր բաժանում մրցաշարի խմբային փուլից:

Սակայն իսլանդական «Բրեյդաբլիկը» երկու խաղերում տանում է նվազագույն հաշվով հաղթանակներ ու առաջ անցնում (1:0), (0:1): 

Ընթացիկ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ստրուգային» բաժին էր հասել Բրատիսլավայի «Սլովանը»: Երկխաղյա դիմակայության արդյունքում, Սլովակիայի չեմպիոնը 6:3 հաշվով հաղթեց հյուսիսմակեդոնական մրցակցին և դուրս թողեց ուժեղագույնների պայքարից: 

Ներկայի հերոսները

«Ստրուգան» ֆուտբոլային աշխարհում նոր անուն է և հետք թողած ֆուտբոլիստները մինչև այժմ պաշտպանում են թիմի գույները: Մեր մրցակցի թիմի միջին տարիքը 26,8 է։ 

Հյուսիսմակեդոնական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն Բեսարտ Իբրաիմին ակումբի կազմում 68 խաղից հետո դարձել է 43 գոլի հեղինակ: 
Ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը Բունյամին Շաբանին է: 33-ամյա ֆուտբոլիստը 133 խաղի է մասնակցել հարազատ դարձած թիմի կազմում: Հետաքրքական է, որ Շաբանին երբեմն հանդիսացել է նաև Գյումրիի «Շիրակի» ֆուտբոլիստը:

«Ստրուգայից» 3 ֆուտբոլիստ հրավիրվում է Հյուսիսային Մակեդոնիայի երիտասարդական հավաքական։

Քաթիփ Օսմանին` հյուսիսմակեդնոկան ակումբային ֆուտբոլի գործող անձանցից մեկը

«Ստրուգան» այս տարվա մայիսից մարզում է Քաթիփ Օսմանին։ 55-ամյա մասնագետը «Շկենդիայի» հետ 3 անգամ դարձել է Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոն: 2018/19 մրցաշրջանում այդ ակումբը Օսմանիի գլխավորությամբ հասել է Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ՝ հաղթահարելով Ուելսը ներկայացնող «Նյու-Սեյինթսի» և մոլդովական «Շերիֆի» արգելքը։

Եվրագավաթային արկածները Օսմանիի գլխավորությամբ ավարտվել են երկու անընդմեջ պարտությամբ` Չեմպիոնների լիգայի 3-րդ փուլում «Ռեդ Բուլ Զալցբուրգից» և Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ում նորվեգական «Ռուսենբորգից»։

Օսմանիի գլխավորած թիմերը Մակեդոնիայի ներքին առաջնությունում 363 խաղից հաղթել են 171-ում։

55-ամյա մասնագետի սիրելի դասավորությունը 4-2-3-1-ն է։ Օսմանին հիմնականում դավանում է ինտենսիվ ֆուտբոլ, դրա վառ ապացույցը «Շկենդիայի» 2017/18 չեմպիոնական մրցաշրջանն է, որտեղ թիմը 36 խաղից հետո հեղինակել էր 101 գնդակ՝ 48-ով ավելի մոտակա մրցակցից։

Մեր նախկին ֆուտբոլիստները «Ստրուգայում»

Հետաքրքական է, որ «Փյունիկի» գույները պաշտպանած և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականում հանդես եկող Կիռե Ռիստևսկին, Մարյա Ռադեսկին և Ստեֆան Սպիրովսկին այս պահին հանդես են գալիս «Ստրուգայի» կազմում։

Նրանցից բացի, «Ստրուգային» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում միացել է 6 նոր ֆուտբոլիստ։

Վերջին նորություններ