ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Հյուսիսային Մակեդոնիայում 1:2 հաշվով պարտվեց «Ստրուգային»:
Հանդիպման մեկնարկային 23 րոպեի ընթացքում թիմերը փոխանակվեցին 11 մետրանոց նշակետից խփած գոլերով: Նախ, 8-րդ րոպեին դիպուկ գտնվեց տանտերերի առաջատար Բեսարտ Իբրաիմին, այնուհետև այս մրցաշրջանի մեր առաջին գոլը խփեց Լուկաս Վիլելան:
Երկրորդ խաղակեսը սուր պահերի առումով ավելի հետաքրքիր ստացվեց: Դավիդ Դավիդյանը կարող էր առաջ մղել «Փյունիկին», նրա հարվածը ստացվեց դիպուկ, բայց ոչ արդյունավետ:
Հանդիպման 60-րդ րոպեին, թիմի ավագ Սերգեյ Վակուլենկոյի նյարդերը տեղի տվեցին ու նա հեռացվեց խաղադաշտից:
Տանտերերը օգտվեցին քանական առավելությունից. Ստեֆան Սպիրովսկիի հեռվից կատարած գեղեցիկ հարվածը հաղթանակ պարգևեց հյուսիսմակեդոնացիներին դիմակայության առաջին խաղում:
«Ստրուգա» - «Փյունիկ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: