0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Յուսուֆ Օտուբանջո. Դաշտ էինք դուրս եկել հաղթելու, չէինք մտածում պաշտպանվելու մասին

Կոնֆերենցիաների լիգայի «Փյունիկ» - «Օրդաբասի» (1:0) պատասխան հանդիպումից հետո դիմակայության հերոս Յուսուֆ Օտուբանջոն պատասխանել է ակումբի մամուլի ծառայության հարցերին և խոսել իր տպավորությունների մասին։ 

-Շնորհավորում եմ հաղթանակի ու հաղթական գոլի կապակցությամբ: Ի՞նչ էմոցիաներ ու տպավորություններ ունես խաղից:

-Էմոցիաները…անհավատալի է, նորից գոլ խփելը, լավ զգացողություններ են: Երբ տանն ենք խաղում, էմոցիաները մի փոքր ուրիշ են, դու ցանկանում ես փայլել քո երկրպագուների ու ընտանիքի առջև: Ուրախ եմ գոլի համար, դրական էմոցիաներ են:

-Դու գոլի հեղինակ դարձար նաև առաջին խաղում, հետո մոտավորապես մեկ շաբաթ ունեինք պատասխան խաղին նախապատրաստվելու համար: Ինչպե՞ս էր թիմը հոգեբանորեն պատրաստվել այս խաղին, քանի որ կարող էինք հանգիստ լինել ու կորցնել առավելությունը:

-Երբ մենք հաղթեցինք առաջին խաղում ու վերադարձանք տուն, մարզիչը ասաց, որ մի մտածեք, որ ուժեղ եք, քանի որ հաղթել եք առաջին խաղում, մենք պետք է այնպես պատրաստվենք խաղին, կարծես հաշիվը 0:0 է: Դուք պետք է խաղը սկսեք զրոյից, դուք պետք է հաղթեք, պետք չէ պաշտպանվել: Մենք պատրաստվում էինք, փորձում տարբեր ստրատեգիաներ, տակտիկաներ էինք նախապատրաստում, մենք ցանկանում էինք գոլ խփել ու ամեն ինչ ստացվեց:

-Թիմում կան նաև նորեկներ ու վնասվածք ստացած շատ ֆուտբոլիստներ: Ինչպե՞ս է թիմը իրեն զգում, ինչպե՞ս է ընթանում նոր խաղացողների ադապտացիան:

-Մարզիչը ամեն օր մարզումներին նորեկներին ասում է, որպեսզի ավելի շատ կենտրոնանան տակտիկայի վրա, այո՛, նրանք նոր են միացել մեզ, նրանց ժամանակ է պետք հարմարվելու մեր խաղային մոդելին: Փառք Աստծո, նրանց մոտ ամեն ինչ ստացվում է: Մենք շատ ենք ափսոսում վնասվածք ունեցող խաղացողների համար, բայց նրանք թիմի մասնիկն են, քանի որ նրանց ոգին, աջակցությունն և ուժը օգնում է թիմին: Ես վստահ եմ, որ նրանք շուտով կվերադառնան վնասվածքից, և թիմը էլ ավելի ուժեղ կդառնա: 

Վերջին նորություններ