Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Փյունիկը» տանը 2:0 հաշվով հաղթեց «Շիրակին»:
Հանդիպման առաջին րոպեին գյումրեցիներից գոլի հեղինակ դարձավ Սեդրիկ Դոհն, սակայն մրցավարը չեղարկեց այն կանոնների խախտման պատճառով: Մեկնարկային 45 րոպեները հարուստ չէին վտանգավոր պահերով:
Երկրորդ խաղակեսի հենց սկզբում Ալեմաոն կարող էր բացել հանդիպման հաշիվը, սակայն բրազիլացու տուգանայինից կատարած հարվածից հետո մրցակցին փրկեց ուղղահայաց դարպասաձողը: Խաղի հաշիվը բացվեց միայն 69-րդ րոպեին. փոխարինման մտած Սերժ Դեբլեն վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք, իսկ այն դիպուկ իրացրեց Եվգենի Կոչուկը` խփելով իր առաջին գոլը Հայաստանի առաջնություններում:
«Փյունիկից» 15 րոպե պահանջվեց հանդիպման ելքը վերջնականապես վճռելու համար. անկյունային խաղարկումից հետո Յուսուֆ Օտուբանջոն խորամանկ հարված կատարեց, որից հետո Դարկո Վուկաշինովիչը չկարողացավ փրկել դրությունը:
Այս հանդիպումից հետո թիմերը գնում են միջազգային դադարի: «Փյունիկը» հաջորդ տուրում հյուրընկալվելու է «Վեստ Արմենիային», իսկ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: