0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում

«Փյունիկը» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ։

Այս խաղում առաջինը հաջողության հասան մեր ֆուտբոլիստները. 21-րդ րոպեին Ագդոն Մենեզեսին հաջողվեց մոտ տարածությունից բացել խաղի հաշիվը՝ աչքի ընկնելով երկրորդ խաղում անընդմեջ։ Այնուամենայնիվ, առաջին կեսում բանակայինները Գոռ Առաքելյանի գոլի շնորհիվ կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը՝ 1։1։

Ընդմիջումից հետո ընդգծվեց «Փյունիկի» ավելի բարձր կարգն ու երկրորդ կեսի սկզբնամասում Ջունինյոն առաջ մղեց մեր թիմին՝ խփած գոլը նվիրելով իր նորածին երեխային։

62-րդ րոպեին ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներից մեկը սեփական տուգանային հրապարակում ձեռքով փակեց գնդակի ճանապարհն ու մրցավարը ցույց տվեց 11 մետրանոց նշակետը։ Գնդակին մոտեցավ Յուսուֆ Օտուբանջոն և հստակ հարվածով հաշիվը դարձրեց՝ 3։1։ 72-րդ րոպեին մեր թիմը մնաց 10 հոգով, երբ սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար մրցավարը կասկածելի որոշում կայացրեց՝ խաղադաշտից հեռացնելով Ջեյմ Սանթոսին և միաժամանակ 11 մետրանոց հարված նշանակեց ԲԿՄԱ-ի օգտին։

Սակայն Հենրի Ավագյանը փայլուն ցատկով կարողացավ կռահել հարվածի ուղղությունը։ Իսկ հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ, փոխարինման մտած Սերժ Դեբլեն կարողացավ ձերբազատվել մրցակցի պաշտպանից և տուգանային հրապարակի մատույցներից կատարած դիպուկ հարվածով ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 4։1։

Մեր թիմը հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 24-ին՝ հյուրընկալվելով փոխչեմպիոն «Նոային»։

Վերջին նորություններ