Նոր հեռանկարներ, մարտահրավերներ և գործելաոճ՝ ֆուտբոլի կառավարման ոլորտում
«Փյունիկ» ՖԱ գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանն ավարտեց ECA-ի՝ ֆուտբոլային ակումբների և ակադեմիաների զարգացման և կառավարման ծրագրերը, որոնք ներառում էին նմանը չունեցող և նորարական դասընթացներ։
Ծրագրերը նախատեսված էին օգնելու ակումբների ղեկավարներին գիտակցել իրենց ողջ ներուժն ու գործի դնել ի շահ զարգացման։
Ծրագրերի մասնակիցներն էին ֆուտբոլային ակումբների տնօրեններ և ղեկավարներ աշխարհի տարբեր երկրներից։
Ֆուտբոլային ակադեմիաների կառավարման ծրագիրն ստեղծվել է Նիդերլանդների Յոհան Կրոյֆ ինստիտուտի հետ համատեղ, իսկ դասընթացներն անցկացվեցին այնպիսի հեղինակավոր ակումբներում, ինչպիսիք են «Մանչեստեր Սիթին» (Անգլիա), «Այաքսը» (Նիդերլանդներ), և «Բրյուգգեն» (Բելգիա)։
«Մանչեստեր Սիթիի», «Այաքսի» և «Բրյուգգեի» ակադեմիաներում օրեր շարունակ դասընթացների մասնակցելը, դպրոցների գործելաոճին ծանոթանալը, մեծ փորձ էր Առաքելյանի համար։
Ֆուտբոլային ակադեմիաների կառավարման ծրագրի շրջանակում «Մանչեստեր Սիթիում» «Փյունիկի» գլխավոր տնօրենը մասնակցեց դասընթացների «Տվյալների գիտությունը (data science) ֆուտբոլում» և «ֆուտբոլային իրավունք» թեմաներով։ Ֆուտբոլում օրենքի կարգավորումների հետ մեկտեղ մոդուլն այն մասին էր, թե ինչպես կարելի է տվյալների գիտությունը կիրառել ակադեմիայի կառավարման մեջ, ինչպես արդյունավետ օգտագործել տվյալները՝ խաղային լավ ցուցանիշների հասնելու համար, և, ի վերջո,
ինչպես են տարբեր ֆուտբոլային մեթոդոլոգիաները ազդում խաղի վրա:
«Այաքսի» դասընթացների ընթացքում մասնագետներն անդրադարձան ֆուտբոլի զարգացման թեմային՝ և’ ճանաչողական, և’ ֆիզիկական տեսանկյուններից։ Մոդուլը պատմում էր ֆուտբոլային տաղանդի զարգացման հիմնական գործոնների մասին՝ անդրադառնալով դրա զարգացման հիմնական գործիքներին։
«Բրյուգգե» ՖԱ-ում Առաքելյանը մասնակցեց դասընթացի, որն ընդգրկում էր այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են սոցիալական պատասխանատվությունն ու հանրային կառավարումը ֆուտբոլում։ Կարևորել ֆուտբոլիստների աճը և զարգացումը ինչպես խաղադաշտում, այնպես էլ դաշտից դուրս, ստեղծել յուրօրինակ սոցիալական նախագծեր ֆուտբոլային ոլորտում, գիտակցել մշակութային և սոցիալան ասպեկտների կարևորությունն ու դերը ֆուտբոլում. հենց այսպիսին պետք է լինի ակադեմիայի ղեկավարն ըստ «Բրյուգգե» ՖԱ-ի։
Մոդուլների ավարտին մասնակիցները ներկայացրին իրենց անհատական շնորհանդեսները։
Շնորհավորում ենք մեր ակումբի գլխավոր տնօրենին այս մեծ ձեռքբերման առթիվ և վստահ ենք, որ սա նոր նվաճումների սկիզբ է «Փյունիկի» ակադեմիայի համար։