0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Արամ Գյուլբուդաղյանը նշանակվել է «Փյունիկի» ակադեմիայի սպորտային տնօրեն

Ուրախ ենք տեղեկացնելու, որ «Փյունիկի» ակադեմիայի սպորտային տնօրեն է նշանակվել Արամ Գյուլբուդաղյանը: 

57-ամյա մասնագետը մարզչական կարիերան սկսել է 2011 թվականից` «Իմպուլսում»: Այնտեղ Գյուլբուդաղյանն անցկացրել է 2 տարի, որից հետո տեղափոխվել է «Ալաշկերտ», իսկ արդեն 2017թ. համալրել է «Փյունիկի» ընտանիքը:

Արամ Գյուլբուդաղյանը 2022/23 մրցաշրջանում «Փյունիկի» Մ18 տարեկանների թիմի հետ դարձել է Հայաստանի տարիքային գավաթակիր: Փորձառու մարզիչն այս պահին գլխավորում է «Փյունիկ 2009» թիմը, որի հետ 2023/24 մրցաշրջանում դարձել է այդ տարիքային խմբի հաղթող։

Արամ Գյուլբուդաղյանն ունի մարզչական PRO արտոնագիր:

Ձեզ ենք ներկայացնում հարցազրույց՝ «Փյունիկի» ակադեմիայի նորանշանակ սպորտային տնօրենի հետ:

 

-Խոսենք Ձեր նշանակման մասին

-Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանն ինձ վստահելու համար, այս պահին ինձ մոտ շատ մեծ է պատասխանավության զգացումը։

-Ինչի՞ վրա է շեշտը դնելու ակումբը՝ կապված երեխաների և նրանց զարգացման հետ

-Մեզ համար առաջնայինը երեխային որպես անհատ զարգացնելն է, եթե թիմում ունենանք այդպիսի անգամ մեկ ֆուտբոլիստ, դա կարող է դրվագային հաջողություններ բերել, իսկ եթե բոլորը լինեն այդպիսին, ապա կտեսնենք արդեն գլոբալ նվաճումներ։

-Ինչպե՞ս հասնել Ձեր նշած արդյունքին 

- Առաջին հերթին մարզումների միջոցով: Երեխան պետք է հասկանա՝ ինչի համար է անում տվյալ վարժությունը, ստանա բավարար պատասախան: Կարող եմ ասել, որ շատ տարիներ առաջ  եղել է ճիշտ հակառակը, երեխաները մեքենաբար են արել ամեն ինչ, և մեզ համար առաջնային է դա փոխելը:

-Դուք 7 տարի է «Փյունիկում» եք և գիտեք ակադեմիայի ուժեղ ու թույլ կողմերը, սա կօգնի՞ ավելի արագ սկսելու գործընթացը:

- Գիտեք՝ ֆուտբոլում, հատկապես այս տարիքայինների շրջանում, երբ հաղթում ես, չի նշանակում՝ ամեն ինչ ճիշտ ես արել, իսկ երբ պարտվում ես, չի նշանակում՝ ամեն ինչ սխալ է ընթացել: Կրկին նշում եմ, որ մեզ համար սկզբունքային է երեխաներին որպես անհատ զարգացնելը, իսկ մնացած ֆուտբոլային հարցերը կապված երեխայի տեխնիկական զարգացման, մարզչական տակտիկական ճկունության հետ և այլն, իհարկե,  նույնպես կենսական նշանակություն ունեն:

- Խոսենք զարգացման ճանապարհին միջազգային մրցաշարերի կարևորության մասին

-Իհարկե դրանք օգնում են: Հիշում եմ՝«Փյունիկ- 2006»-ի հետ Մոսկվայում մասնակցում էինք մրցաշարի, որի շրջանակում խաղացինք Մոսկվայի ԲԿՄԱ, «Լոկոմոտիվ», «Դինամո» թիմերի հետ։ Զբաղեցնելով 3-րդ տեղը խմբում, ֆուտբոլային ապտակը ես ստացա, բայց երբ վերադարձանք Հայաստան, երեխաներիս գործողություններում և աչքերում տեսա համարձակություն, վստահություն և զգոնություն,  որն էլ դրական ազդեցության մասին է խոսում: Կարևոր է նաև այն, որ ծանոթանում ենք տարբեր ֆուտբոլային մշակույթների հետ: 

-Խոսեցիք անհատների, առաջատար լինելու և միջազգային մրցաշարերի մասին. մենք ունե՞նք այնպիսի մարզիչներ, որոնք կարող են կյանքի կոչել Ձեր և ակումբի նախագծերը։

-Մենք բոլորս, ինչպես նաև ակումբի ղեկավարությունը, մտշապես հանդիպումներ ենք ունենում՝ քննարկելով բոլոր կետերը: Ճանաչում եմ մարզիչներին, շատերի հետ երկար ժամանակ աշխատել եմ, կարծում եմ՝ ի զորու ենք հասնելու մեր նպատակներին։

Հոկտեմբերի 28-ին մեր սպորտային տնօրենը կմեկնի Ռոտերդամ՝ մասնակցելու ECA-ի կողմից կազմակերպված դասընթացի՝ «Ֆուտբոլիստի զարգացումը, ֆուտբոլը և դրա մեթոդոլոգիաների ազդեցությունը խաղի վրա» թեմայով։

Հաջողություն և շատ հաղթանակներ միասին:

Վերջին նորություններ