
Այս ամառ «Փյունիկ Աղջիկների» թիմ տեղափոխվեց Սիմենա Գոնգորան: Կոլումբուհին իր ֆուտբոլային ճանապարհն սկսել է հայրենի երկրում, այնուհետև աշխարհագրությունը մեծացրել դեպի Սաուդյան Արաբիա, հիմա՝ հասել Հայաստան: Մեր թիմի կազմում Սիմենան մասնակցել է Չեմպիոնների լիգայի հանդիպումներին և այս պահին ունի դրական վիճակագրություն կենտրոնական պաշտպանի համար. 7 խաղից հետո 3 գոլ:
Սիմենայի հետ զրուցել ենք նրա ֆուտբոլային երազանքների ու հայաստանյան նախասիրություների մասին։
-Սիմենա, «Փյունիկն» ու դու…
-Ինձ համար մեծ անակնկալ էր այստեղից առաջարկ ստանալը, քանի որ ես շատ բան չգիտեի երկրի կամ կանանց ֆուտբոլի մասին... Բայց, խոսելով իմ գործակալի հետ, ինձանից շատ քիչ ժամանակ պահանջվեց ասելու՝ ԱՅՈ՜, քանի որ գիտեինք, որ խաղալու եմ Չեմպիոնների լիգայում և դա կարող էր խթան հանդիսանալ իմ կարիերայի համար: Սոցցանցերում փնտրեցի երկրի, թիմի մասին ու ասացի՝ այո։
-Դու ու Հայաստանը…
-Նախքան այստեղ գալը ես շատ բան չգիտեի երկրի մասին... Շատ գեղեցիկ երկիր է և ազգ:
-Առաջարկ ստացար միանալու Հայաստանի չեմպիոնին, որը պատմական նվաճման էր հասել, ի՞նչ կասես այս մասին։
-Ես ուզում եմ այստեղ չեմպիոն դառնալ, դրա համար եմ եկել: Բոլոր թիմերն ուզում են հաղթել մեզ, բայց մենք ունենք շատ լավ խաղացողներ, լավ թիմ, և բոլորս էլ նույն բանն ենք ուզում՝ հաղթել ամեն խաղում և դառնալ չեմպիոն: Ահա, թե ինչպես եմ մտածում:
-Խաղացել ես Կոլումբիայում, ի՞նչ տարբերություններ կնշես։
-Կոլումբիայում մենք ունենք ավելի շատ թիմեր, գրեթե 17 թիմ է մրցում, ֆուտբոլն ավելի շատ ֆիզիկական է, Հարավային Ամերիկայում մենք ֆուտբոլն անվանում ենք «գարա» (սա նշանակում է ինտենսիվ պայքար, առաջնությունների բարձր տեմպ և բնութագրում է տեղի ֆուտբոլը): Հայաստանի ֆուտբոլը շատ է տարբերվում այնտեղի ֆուտբոլից, բայց այստեղ մեր սիրելի մարզաձևը ավելի կազմակերպված է, կա առաջնություն, որը տևում է գրեթե 9 ամիս, խաղերը հաջորդում են միմյանց, Կոլումբիայում առաջնությունը տևում է ընդամենը 4 ամիս, և դա խանգարում է առաջընթացին:
-Չեմպիոնների լիգայում կարողացաք լավ խաղ ցույց տալ, բայց չկարողացաք վերադառնալ հաղթանակով, ի՞նչը պակասեց։
- «Լավ փորձ էր ամբողջ թիմի համար, իմ կարծիքով մենք երկու լավ խաղ անցկացրինք, բայց ամեն ինչ այնպես չստացվեց, ինչպես մենք էինք ուզում: Եթե նորից ուղեգիր նվաճենք, ամեն ինչ այլ կերպ կլինի, քանի որ գիտենք, որ առաջին անգամ ձախողեցինք և լավ մրցաշար կանցկացնենք։
- Ի՞նչ էիր զգում ստանալով շանս խաղադաշտ դուրս գալու ՉԼ-ի շրջանակում։
- 5 տարի խաղացել եմ իմ երկրից դուրս և 9 տարի եղել եմ պրոֆեսիոնալ խաղացող... Բայց, մինչ այժմ ամենալավ բանը,որ արել եմ ֆուտբոլում, դա Չեմպիոնների լիգայում խաղալն էր: Դա ամենալավ բանն է, որ կարող էր պատահել ինձ հետ... բայց ես չեմ կարող դրանով կանգ առնել, հիմա գիտեմ, որ պետք է կրկնակի շատ աշխատեմ, որպեսզի դա նորից պատահի։
-Հայաստանում ի՞նչն է քեզ գրավել
-Շատ եմ հավանում այստեղի սուրճը (ծիծաղում է)։
-Սովորածդ հայերեն բառերը
-Ուզում էի սովորել հիմնական բառերը (ժպտում է)։
Բարև, ո՞նց ես, լավ, լավն ա, հասկացար, այո, ապրես, խնդրեմ, հաստատ, չէ, կներես, լսի, բարի լույս, վատ…
Նաև սովորել եմ թվերը` մեկ, երկու, երեք, չորս, հինգ, այսքանը ։)