Ավարտվեց Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ․ առաջնությունը, որի ավարտական տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Չարենցավանի «Վանին»։
Մեր թիմին առաջնությունում 3-րդ տեղը գրավելու համար այս խաղում բավարարում էր նույնիսկ ոչ-ոքի արդյունքը, սակայն «Փյունիկը» հնարավորություններ էր պահպանում նաև 2-րդ տեղը զբաղեցնելու, եթե տուրի զուգահեռ խաղում «Ուրարտուն» նվազագույնը չպարտվեր «Նոային», իսկ «Փյունիկն» էլ անպայման հաղթեր «Վանին»։
Հատկանշական է, որ «Վանի» հետ հանդիպումը «Փյունիկի» համար հոբելյանական՝ 900-րդ խաղն էր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում։
Հանդիպումն անհաջող սկսվեց մեր թիմի համար․ արդեն 3-րդ րոպեին չարենցավանյան թիմին հաջողվեց բացել խաղի հաշիվը։ Հենրի Ավագյանը փոխանցում կատարելիս սխալվեց, ինչից հետո գնդակին տիրեց Մաուրո Նետուն ու այն արագորեն փոխանցեց Պետրոս Ավետիսյանին, իսկ վերջինս էլ մոտ տարածությունից կարողացավ գրավել «Փյունիկի» դարպասը՝ 0։1։
Սակայն 20-րդ րոպեին մեր թիմին հաջողվեց 11-մետրանոց վաստակել, երբ «Վանի» տուգանային հրապարակում Սաբա Սիդամոնիձեն խախտեց խաղի կանոնները Մոմո Յանսանեի հետ պայքարում։ Գնդակին մոտեցավ Խավի Մորենոն ու դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը՝ 1։1։
Իսկ խաղի հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ «Փյունիկը» կարողացավ այս խաղում խփել նաև հաղթական գոլն ու լավ նոտայով ավարտել առաջնությունը։ Էդգար Մալաքյանն անկյունայինից գնդակը կախեց «Վանի» տուգանային հրապարակ և մեր թիմի պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդան կարողացավ բարձր ցատկով գլխի հարվածով գրավել Դանիլա Բոկովի պաշտպանած դարպասը՝ 2։1։
«Փյունիկն» առաջնությունում գրավեց 3-րդ տեղը, քանի որ զուգահեռ կայացած խաղում «Նոան» էլ իր հերթին մրցակցի հարկի տակ 5։0 հաշվով ջախջախեց «Ուրարտուին»։ Այսպիսով, մեր թիմը վաստակեց 55 միավոր ու չեմպիոնի կոչումը նվաճած «Արարատ-Արմենիային» զիջեց 5 միավորով։
Ավելացնենք, որ հուլիսին «Փյունիկը» Հայաստանը կներկայացնի Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ․ մրցաշրջանի խաղարկությունում։