Մեր թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն առաջնության վերջին տուրում՝ «Վանի» նկատմամբ տարած (2:1) հաղթանակից հետո, ամփոփեց «Փյունիկի» ելույթներն ու խոսեց առաջիկա ծրագրերի մասին․
«Իրականում շատ ծանր հանդիպում էր։ Այսօր ունեինք էներգիայի, էմոցիայի և ագրեսիայի պակաս, ինչը բնական է․ միշտ մրցաշրջանի վերջին խաղերն այդպես են լինում։ Բայց տղաները մինչև վերջ պայքարեցին, կարելի է ասել՝ բոլոր ռեսուրսներն ի ցույց դրեցին, և վերջում կարևոր էր հաղթանակով ավարտել այս դժվար մրցաշրջանը։
Իհարկե, դեռ աշխատելու շատ տեղ ունենք, քանի որ մենք կատարեցինք մեր պահանջների միայն նվազագույնը։ Ընդհանուր առմամբ, նորմալ եմ գնահատում մրցաշրջանը մեզ համար, բայց բնական է՝ «Փյունիկն» ամբիցիոզ ակումբ է, ամենատիտղոսակիրը Հայաստանում և 3-րդ տեղով բավարարվել պետք չէ։
Մենք պետք է բավական շատ աշխատենք խաղային բոլոր փուլերի վրա։ «Փյունիկում» կլինեն նոր տրանսֆերներ ու կարծում եմ՝ թիմն ավելի կուժեղանա և պատրաստ կլինի մյուս մրցաշրջանին»։