0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Անզիջում պայքար, անհատական մրցանակներ և մեծ փորձ. «Փյունիկ 2011-1»-ը վերադարձավ Երևան

Ռուսատանի մայրաքաղաք Մոսկվայում ավարտվեց «Կոնստանտին Սարսանիայի 4-րդ մանկապատանեկան միջազգային հուշամրցաշարը», որին մեր ակադեմիայից մասնակցում էր «Փյունիկ 2011-1» թիմը:

Դավիթ Գրիգորյանի տղաները մրցաշարի վերջնաարդյունքում զբաղեցրին 7-րդ հորիզոնականը՝ խաղերն անցկացնելով անզիջում պայքարում և հզոր մրցակիցների հետ: 

Մեր թիմն ընդգրկված էր D խմբում՝ «Չերտանովոյի», «Իրկուտսկի» և «Ֆորվարդի» հետ

 «Չերտանովոյի» հետ խաղով մեկնարկեցինք խմբային փուլը, որը մեզ համար հաջող չստացվեց։ Չնայած մեր համառությանն ու հաղթանակի մեծ ցանկությանը՝ Վահագն Եղյանի ստացած կարմիր քարտով մնացինք 10 հոգով և 1։2 հաշվով պարտվեցինք մրցակցին, իսկ մեր միակ գոլի հեղինակը դարձավ Միքայել Խանգելդյանը՝ վստահ իրացնելով 11 մետրանոց հարված։

Հաջորդ երկու խաղում մեր տղաները ցույց տվեցին, որ լուրջ պատասախանատվությամբ են մոտենում մրցաշարին և գերվստահ հաղթանակներ տոնեցին։ 

«Ֆորվարդի» դարպասը փյունիկցիները 6 անպատասխան գնդակ ուղարկեցին՝ հեթ-տրիկ գրանցեց Արթուր Մանուկյանը, մեկական անգամ աչքի ընկան Արման Առաքելյանը, Մամիկոն Ժամհարյանը և գրանցվեց մեկ ինքնագոլ։ Հանդիպման ավարտից հետո հեթ-տրիկի հեղինակ դարձած Արթուր Մանուկյանը ստացավ խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

«Իրկուտսկի» հետ խաղում կրկին 6 գոլ ուղարկեցինք մրցակցի դարպասը՝ փոխարենն ընդունելով միայն մեկը։ Արթուր Մանուկյանն ու Նարեկ Ավետիսյանը դուբլ գրանցեցին, Միքայել Խանգելդյանն ու Մամիկոն Ժամհարյանն էլ մեկական գոլ խփեցին։ Մրցաշարի ժյուրիի որոշմամբ այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացավ Նարեկ Ավետիսյանը:

Մեր թիմը խմբային փուլում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և պայքարը շարունակեց հաջորդ փուլում, որտեղ մրցում էին 1-ից 8-րդ հորիզոնականների համար պայքարող թիմերը. մեզ որպես մրցակից բաժին հասավ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»։ Ցավոք, մեր տղաները կարևոր խաղում պարտություն կրեցին մրցակցից 0։10 հաշով։

Այս խաղից հետո «Փյունիկ 2011-1»-ը 5-8-րդ տեղերի համար խաղում մրցեց «Կռիլյա Սովետովի» հետ: Սա հանդիպում էր, որտեղ մեր տղաները ցույց տվեցին իրենց ձևավորվող բնավորությունը: Հայկ Մարտիրոսյանի և Էրիկ Հովհաննիսյանի գոլերի շնորհիվ խաղն ավարտվեց 2:2 հաշվով, սակայն, հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում, 5:6 հաշվով պարտվեցինք «Կռիլյա Սովետովին»:

Վերջին հանդիպումը 7-րդ տեղի համար էր, որտեղ «Փյունիկ 2011-1» թիմի հետ պայքարելու էր «Ակրոնը»։ Տղաներն այս խաղում բնավորություն ցույց տվեցին և կարողացան հաղթել 2։1 հաշվով՝ Նարեկ Ավետիսյանի և Հայկ Մարտիրոսյանի գոլերի շնորհիվ։ Թիմի պաշտպան Ալեքս Մկրտչյանը, որը փայլել էր խաղի ընթացքում, ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

«Կոնստանտին Սարսանիայի 4-րդ մանկապատանեկան միջազգային հուշամրցաշարը» սահմանել էր անհատական մրցանակներ. մեր թիմից Արթուր Մանուկյանը ճանաչվեց «Փյունիկ 2011-1» թիմի լավագույն ֆուտբոլիստ. Մանուկյանն իր անվան դիմաց գրանցել էր 5 գնդակ: Հատկանշական է, որ մեր պատանի ֆուտբոլիստը այս արդունավետությունը գրանցել էր խմբային փուլի 2 խաղում, որի շնորհիվ մեր թիմը անցել էր հաջորդ փուլ:

Հայկ Մարտիրոսյանը արժանացավ «Երիտասարդ հույս» մրցանակին, որպես մրցաշարի տարիքով ամենափոքր մասնակից, որը կարողացավ աչքի ընկնել գեղեցիկ գոլերով և հաղթանակ պարգևել թիմին։ 

«Փյունիկ 2011-1» թիմի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանն ամփոփեց մրցաշարը՝ խոսելով նաև միջազգային մրցաշարերի կարևորության մասին.

«Թիմը երկրորդ տարին անընդմեջ Մոսկվայում մասնակցում է մրցաշարի։ Կարող էինք ավելի բարձր հորիզոնական զբաղեցնել, տղաները մեծ պատասխանատվությամբ էին մոտենում հանդիպումներին, սակայն կաշկանդվածությունը խանգարեց։ Ունեինք նաև կադրային խնդիրներ, մեզ համար մեծ կորուստ էր կենտրոնական հարձակվողի՝ վնասվածքի պատճառով մեզ հետ խաղադաշտում չլինելը… Նման մրցաշարերը շատ մեծ օգուտ են տալիս հայկական ֆուտբոլին, մեր ներքին առաջնություններում նման ինտենսիվություն չկա։  Շնորհակալ ենք ակումբի ղեկավարությանն այս հնարավորության համար»։

Վերջին նորություններ