0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ներկայացնում ենք մեր մրցակցին. «Շկուպի»

Կայացավ Եվրոպա լիգայի 2019/20թթ. խաղարկության առաջին փուլի վիճակահանությունը, որի արդյունքում «Փյունիկին» բաժին հասավ Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկուպի» թիմը։

Պատմությունը

Այս ակումբը ստեղծվել է 1927թ.-ին և երկար տարիներ թիմը կրում էր «Սլոգա» անվանումը։ Հարավսլավիայի փլուզումից հետո, «Սլոգան» 3 անգամ (1998/99, 1999/2000, 2000/01) դարձել է Մակեդոնիայի չեմպիոն և նույնքան անգամ (1995/96, 1999/2000, 2003/04) երկրի գավաթակիր։ 2009/10թթ. մրցաշրջանի ընթացքում ակումբը խնդիրներ ունենալով իր հովանավորի՝ «Յուգոմագնատի» հետ, դուրս եկավ առաջնությունից։

Թիմի նորագույն պատմությունը սկիզբ է առել 2012թ.-ին, երբ «Սլոգան» միավորվել է «Ալբարաս» ակումբի հետ և այդպիսով կոչվելով «Շկուպի»։ Բայցևայնպես, Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան քաղաքական նկատառումներով՝ չճանաչեց «Շկուպիին» որպես «Սլոգայի» իրավահաջորդ։ Չնայած այդ որոշմանը՝ «Սլոգայի» երկրպագուները, թիմի նախկին ֆուտբոլիստները և ղեկավարությունն ընդունում են «Շկուպիին» որպես իրենց ակումբի իրավահաջորդ։

«Շկուպին» իր ելույթները սկսել է 2012/13թթ. Մակեդոնիայի երրորդ լիգայից, ապա 2 մրցաշրջան հանդես գալով երկրորդ լիգայում՝ 2015թ.-ին, «Շկուպին» Մակեդոնիայի առաջին լիգայի առաջնության ուղեգիր նվաճեց։ 2017/18թթ. մրցաշրջանում թիմն առաջնությունում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը և առաջին անգամ Եվրոպա լիգայի ուղեգիր ձեռք բերեց։

Հյուսիսային Մակեդոնիայի ավարտված առաջնությունում «Շկուպին» երկրորդ տարին անընդմեջ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Ընդ որում, այս թիմը հրաշքով կարողացավ Եվրոպա լիգայի ուղեգիր ձեռք բերել, քանի որ առաջնության վերջին տուրի «Ռաբոտնիչկիի» դեմ արտագնա խաղում զիջելով հաշվի մեջ, ի վերջո կարողացավ վերջին րոպեին թուրք լեգեոներ Բերատ Ուստաբաշիի խփած 2 գոլերի շնորհիվ անչափ կարևոր հաղթանակ տանել։

Կազմը

Ինչպես և երկրի չեմպիոն «Շկենդիան»՝ «Շկուպին» նույնպես մեծ համակրանք է վայելում Հս. Մակեդոնիայի ալբանական համայնքի կողմից։ Դա է պատճառը, որ թիմի կորիզը կազմում են ծագումով ալբանացի խաղացողներ։

Ամենափորձառու խաղացողը և թիմի ավագը 33-ամյա պաշտպան Մուարեմ Բայրամին է։ «Շկուպիում» ընդգրկված են նաև մի քանի աֆրիկացի լեգեոներներ։

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Շկուպիից» արդեն հեռացել են առաջնությունում թիմի լավագույն ռմբարկուներ՝ Վիկտոր Անգելովը և բրազիլացի Սերժինյոն, որոնք խփել են 7-ական գոլ, ինչպես նաև Ամիր Բիլալին, Էրգին Աբդուլը, մալիացի Տանդինա Մահարաֆան և կոտ դ'իվուարցի Արմել Բրադջին։

Նոր մրցաշրջանից առաջ «Շկուպիի» շարքերն է համալրել 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆատյոն Յուսուֆին, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Գյումրիի «Շիրակի» կազմում։

Մարզիչը

«Շկուպին» գլխավորում է 42-ամյա թուրք մասնագետ Յումիտ Կարանը։ Վերջինս նախքան մարզչական գործունեություն ծավալելը, շատ հաջող կարիերա է ունեցել Թուրքիայում՝ 2001-2009թթ. պաշտպանելով «Գալաթասարայի» գույները։ Այդ ընթացքում նա եղել է թիմի առաջատարներից մեկը։

«Գալաթասարայի» կազմում Յումիտ Կարանը մասնակցել է Չեմպիոնների լիգայի մի քանի մրցաշրջանների, որտեղ խմբային փուլերում կարողացել է գրավել «Բարսելոնայի», «Լիվերպուլի», «Ռոմայի» և այլ ճանաչված ակումբների դարպասները։ 2018թ.-ի հոկտեմբերի 4-ին, Յումիտ Կարանը նշանակվել է «Շկուպիի» գլխավոր մարզիչ։

Երկրպագուները

Թիմի երկրպագուների խումբը կոչվում է «Shvercerat», որը ստեղծվել է 1989թ.-ին։ «Shvercerat»-ը ալբաներենից թարգմանվում է որպես «կանտրաբանդա»։ Այս խումբը նախկինում եղել է «Սլոգա Յուգոմագնատ» ակումբի համակիրը՝ նախքան նրա միավորումը «Շկուպիին»։

Ինչպես և «Շկենդիայի» պարագայում, «Շկուպիի» երկրպագուների գերակշիռ մասը նույնպես էթնիկ ալբանացիներ են։

Մարզադաշտը

Այս ակումբն իր տնային հանդիպումներն անցկացնում է «Չայիր» մարզադաշտում, որը տեղավորում է 4000 հանդիսական։ Եվ քանի որ այն չի համապատասխանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին, այդ պատճառով «Շկուպին» եվրոգավաթների իր տնային հանդիպումներն անցկացնում է երկրի գլխավոր՝ «Ֆիլիպ 2-րդ» մարզադաշտում, որն այս տարվա ապրիլից Հյուսիսային Մակեդոնիայի կառավարության որոշմամբ՝ վերանվանվեց «Տոշե Պրոեսկու» անվան ազգային մարզադաշտ։

«Շկուպին»՝ եվրոգավաթներում

Ի տարբերություն իր նախորդի՝ «Սլոգայի», որը տարբեր տարիներին հանդես էր եկել  եվրոգավաթների խաղարկություններում, «Շկուպին» իր կարճատև պատմության ընթացքում առայժմ միայն մեկ անգամ է նման բախտի արժանացել։ Եվրոպա լիգայի նախորդ՝ 2018/19թթ. խաղարկությունում այս թիմը որակավորման առաջին փուլում հանդիպեց շոտլանդական հանրահայտ՝ «Գլազգո Ռեյնջերսի» հետ և երկու հանդիպումների արդյունքով (0:0, 0:2) դուրս մնաց պայքարից։

Վերջին նորություններ