
Ուրախ ենք հայտնել, որ մեր ակադեմիայի սան, դարպասապահ Արմեն Հովակիմյանի և «Փյունիկի» միջև կնքվել է առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը: 18-ամյա ֆուտբոլիստը այսուհետ հանդես է գալու «Փյունիկ Ակադեմիայի» կազմում:
Հովակիմյանն իր ֆուտբոլային կրթությունը ստացել է «Փյունիկում»՝ 6 տարեկանից հաճախելով մեր ակադեմիա:
2023/24 մրցաշրջանում Հովակիմյանը պաշտպանում էր «Փյունիկ 2007» թիմի դարպասը, որի հետ դարձել է Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնության հաղթող, որի շնորհիվ էլ կարողացանք հանդես գալ Երիտասարդական Չեմպիոնների լիգայում:
«Շնորհակալ եմ ակումբին վստահության համար: Մեծ պատիվ է լինել «Փյունիկի» մի մասնիկը: Իմ ճանապարհին ինձ միշտ աջակցել և օգնել են մարզիչներս, ընտանիքս և ընկերներս, որի համար շատ երախտապարտ եմ նրանց: Սա միայն սկիզբն է և ես պատրաստ եմ նոր մարտահրավերներին»,- նշել է 18-ամյա դարպասապահը:
Արմենին մաղթում ենք հաջողություն և միայն հաղթանակներ: