0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» 6 գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասը

Fastex Պրեմիեր Լիգայի առաջնության 23-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակին»: Նախորդ երկու խաղերում կրած պարտություններից հետո մեր թիմը վճռական էր տրամադրված հաղթանակի: Հենց մեկնարկից «Փյունիկը» մեծ ճնշում գործադրեց: Առաջին լուրջ ահազանգը գյումրեցիների դարպասի մոտ եղավ հանդիպման 9-րդ րոպեին, երբ Մատաս Վարեյկայի հարվածից հետո մրցակցի պաշտպանը փակեց գնդակի ճանապարհն, իսկ վրա հասած Սանի Բուհարի հարվածն աննշան շեղ ստացվեց:

Երկար սպասել պետք չեղավ և ընդամենը 3 րոպե անց «Փյունիկը» կարողացավ բացել խաղի հաշիվը: Ալեմաոն սեփական կիսադաշտից հիանալի փոխանցումով մեն-մենակ դուրս բերեց Սանի Բուհարիին, ով էլ իրեն ընդառաջ դուրս
եկած Դարկո Վուկաշինովիչի վրայով գնդակն ուղարկեց դարպասը: 22-րդ րոպեին «Փյունիկի» արագ հակագրոհից հետո մեր ֆուտբոլիստները հայտնվեցին 3-ը 1-ի դիմաց և Մատաս Վարեյկան կարողացավ կրկնապատկել հաշիվը: Ընդմիջման գնալուց 5 րոպե առաջ, մեր ֆուտբոլիստները տպավորիչ կոմբինացիա խաղարկեցին և Ալեմաոն, ով լավագույններից մեկն էր խաղադաշտում,
գնդակը հասցեագրեց Սերժ Դեբլեին և վերջինս էլ հաշիվը դարձրեց 3:0:

Երկրորդ կեսի հենց մեկնարկում Սերժ Դեբլեին ընդմիջմանը փոխարինած «Փյունիկի» մյուս հարձակվողը՝ Թեմուր Ջիկիան, փոխանցում ստանալով Յուսուֆ Օտուբանջոյից, մեն-մենակ դուրս եկավ ու 4-րդ գնդակն ուղարկեց գյումրեցիների դարպասը: Մեր թիմի կազմում կարող էին աչքի ընկնել նաև Ալեմաոն և Դավիդ Դավիդյանը, իսկ
Թեմուր Ջիկիան բացի խփած գոլից, դարպասը գրավելու ևս երկու լավ հնարավորություններ ստացավ: «Շիրակի» ֆուտբոլիստներն իրենց ամենառեալ գոլային պահը ստեղծեցին հանդիպման 72-րդ րոպեին, երբ փոխարինման մտած Սեդրիկ Դոն նպաստավոր դիրքից փոքր-ինչ բարձր հարվածեց: «Փյունիկը» չփորձեց բավարարվել ձեռք բերածով և 76-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակում հայտնված Միխայիլ Կովալենկոն դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 5:0: Խաղավարտից 10 րոպե առաջ, «Շիրակի» ավագ Ռոբերտ Դարբինյանին հաջողվեց խփել իր թիմի հեղինակության գոլը: Այնուամենայնիվ, մրցավարի եզրափակիչ սուլիչից անմիջապես առաջ, «Փյունիկի» նորեկ Ժոել Բոպեսուն տուգանային հարվածով վարպետորեն գնդակն ուղարկեց գյումրեցիների դարպասը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 6:1:

Այս խաղից հետո մեր թիմը կգնա երկշաբաթյա դադարի, որը պայմանավորված է հավաքականների միջազգային հանդիպումներով, իսկ առաջնության վերսկսումից հետո, մարտի 28-ին կհյուրընկալվի «Արարատ-Արմենիային»:

Վերջին նորություններ