Կարճատև դադարից հետո վերսկսվեց Fastex Պրեմիեր լիգայի առաջնությունը: Տուրի կենտրոնական խաղում «Փյունիկն» Ավանի ակադեմիայում հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային», որն այս խաղից առաջ 1 միավորով էր զիջում մեր թիմին:
Խաղը շատ հաջող սկսվեց «Փյունիկի» համար. 17-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Կամո Հովհաննիսյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոններն Անտոն Բրատկովի դեմ և մրցավարը ցույց տվեց 11 մետրանոցի նշակետը: Գնդակին մոտեցավ մեր թիմի ավագ Էդգար Մալաքյանը և անվրեպ հարվածով առաջ մղեց «Փյունիկին»:
Րոպեներ անց մեր ֆուտբոլիստներին հաջողվեց կրկնապատկել հաշիվը: Էդգար Մալաքյանը դաշտի կենտրոնում ստանալով գնդակը, մի փոքր առաջ շարժվեց ու հիանալի փոխանցումով մեն-մենակ դուրս բերեց Մատաս Վարեյկային, իսկ վերջինս էլ Հենրի Ավագյանի կողքով գնդակն ուղարկեց «Արարատ-Արմենիայի» դարպասը: Լիտվացի ֆուտբոլիստն առաջնությունում անցկացրած 5 խաղերում իր 3-րդ գոլը խփեց «Փյունիկում»:
Թվում էր՝ դա արդեն հաղթանակի լուրջ հայտ է «Փյունիկի» կողմից, սակայն բաց թողած երկու գոլերը չընկճեցին դաշտի տերերին, և ընդմիջման գնալուց առաջ Ժիրայր Շաղոյանը տուգանայինից կատարած հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: Ընդ որում, նրա հարվածից հետո գնդակը դիպավ պատ կազմած մեր ֆուտբոլիստներին և փոքր-ինչ ապակողմնորոշեց Ստանիսլավ Բուչնևին:
Երկրորդ կեսի մեկնարկում Տենտոն Յենեյի ձախ թևից կատարած վտանգավոր փոխանցումից հետո Բուչնևը մեծ դժվարությամբ կարողացավ չեզոքացնել սպառնալիքը: Խաղն ընթանում էր լարված պայքարում և հանդիպման հետագա իրադարձությունները դեռ առջևում էին: 70-րդ րոպեին «Արարատ-Արմենիային» հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Տենտոն Յենեն իր եզրով ներխուժեց տուգանային հրապարակ և գնդակը փոխանցեց Էրիկ Օկանսիին, ում հարվածից հետո Ստանիսլավ Բուչնևը կարողացավ հետ մղել գնդակը, սակայն խառն իրադրությունում Օկանսիին հաջողվեց երկրորդ փորձից գնդակն ուղարկել «Փյունիկի» դարպասը: Ընդամենը 4 րոպե անց Տենտոն Յենեն կարող էր աչքի ընկնել, բայց նրա իրացրած տուգանային հարվածից հետո Բուչնևն իր տեղում էր:
Բաց թողած գոլից հետո մեր ֆուտբոլիստները կրկին կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն փոխարինման մտած Սանի Բուհարին չկարողացավ օգտվել նպաստավոր դիրքից: Խաղի ավելացված ժամանակում դաշտի տերերի համառությունը տվեց իր արդյունքը: Բրայան Ալսեուսը սեփական տուգանային հրապարակում գնդակի փոխարեն հարվածեց Արմեն Համբարձումյանին և մրցավարը մեր թիմի դարպասին նշանակեց 11 մետրանոց հարված: Մարիուս Նուբիսին դիպուկ հարվածով վերջակետ դրեց հանդիպմանը:
«Արարատ-Արմենիան» հաղթեց 3-2 հաշվով և դուրս եկավ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական՝ շրջանցելով «Փյունիկին»: Հավելենք, որ երկու թիմերը ապրիլի 9-ին կվիճարկեն նաև Հայաստանի Սուպերգավաթը: