0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Եվրոգավաթային պատմություն. «Փյունիկը»՝ մակեդոնական թիմերի «սարսափ» (Տեսանյութ)

Ինչպես հայտնի է, Եվրոպա լիգայի 2019/20թթ. խաղարկության առաջին փուլում «Փյունիկը» մրցելու է Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկուպիի» հետ։ Եվրոգավաթների խաղարկություններում սա կլինի 4-րդ մակեդոնական ակումբը, որի հետ կհանդիպի մեր թիմը։

Նախորդ բոլոր դիմակայություններն ավարտվել են «Փյունիկի» օգտին։ Ընդ որում, մեր թիմն այդ հանդիպումներում չի կրել ոչ մի պարտություն՝ կայացած 6 խաղերից 4-ում տանելով հաղթանակ և 2 խաղ ավարտելով ոչ-ոքի։ Գնդակների տարբերությունը 9-3 է՝ հօգուտ «Փյունիկի»։

Առաջին անգամ մակեդոնական ակումբների հետ «Փյունիկի» ճանապարհները խաչվեցին Չեմպիոնների լիգայի 2004/05թթ. խաղարկության առաջին փուլում, որտեղ մեր մրցակիցը Մակեդոնիայի չեմպիոն «Պոբեդան» էր։

Թիմերի առաջին խաղը, որը կայացավ Սկոպյեում, ավարտվեց մեր թիմի 3-1 հաշվով տարած վստահ հաղթանակով։ Այդ խաղում իրենց հատկապես գերազանց դրսևորեցին «Փյունիկի» 17-ամյա խաղացողներ՝ Էդգար Մանուչարյանն ու Ժորա Հովհաննիսյանը։ Էդգարն, ընդհանրապես, այդ հանդիպման գլխավոր հերոսն էր՝ դառնալով դուբլի և գոլային փոխանցման հեղինակ։  

Չեմպիոնների լիգայի 2004/05թթ. խաղարկություն. Որակավորման առաջին փուլ. 1-ին խաղ

13.07.2004 Սկոպյե, «Ֆիլիպ 2-րդ» մարզադաշտ

«Պոբեդա» - «Փյունիկ» 1-3

Գոլեր՝  Էդգար Մանուչարյան, 15 (0-1), Ժորա Հովհաննիսյան, 27 (0-2), Էդգար Մանուչարյան, 40 (0-3), Բլագոյա Գեշոսկի, 80 (1-3)

Պատասխան խաղում «Փյունիկն» ունենալով առաջին խաղում ձեռք բերած մեծ առավելությունը, չկարողացավ ինչպես հարկն է տրամադրվել պայքարին և նույն հարձակողական խաղը ցույց տալ։ Ընդ որում, պատասխան խաղում առաջինը հաջողության հասան «Պոբեդայի» ֆուտբոլիստները, սակայն մեր թիմի պաշտպան և թիմի ավագ Արթուր Մկրտչյանը խաղավարտից 10 րոպե առաջ գլխի հարվածով վերականգնեց հաշվի տարբերությունը և խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1։

Ի դեպ, մինչ օրս տարբեր կայքերում, նույն թվում՝ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում, նշված է, որ գոլի հեղինակը Գալուստ Պետրոսյանն է, ով Մկրտչյանի հարվածից հետո հորիզոնական դարպասաձողից անդրադարձով հետ եկած գնդակն ուղարկել էր ցանցի մեջ։ Սակայն փաստն այն է, որ Արթուր Մկրտչյանի գլխով կատարած հարվածից հետո գնդակն արդեն հատել էր դարպասային գիծը և իրականում հենց նա է գոլի հեղինակը։

Չեմպիոնների լիգայի 2004/05թթ. խաղարկություն. Որակավորման առաջին փուլ. 2-րդ խաղ

21.07.2004 Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

«Փյունիկ» - «Պոբեդա» 1-1

Գոլեր՝ Դրագան Դիմիտրովսկի, 21 (0-1), Արթուր Մկրտչյան, 80 (1-1)

Եվրոգավաթներում մակեդոնական հաջորդ ակումբը, որի հետ մրցեց մեր թիմը, կայացավ արդեն 9 տարի անց. Եվրոպա լիգայի 2013/14թթ. խաղարկության առաջին փուլում «Փյունիկին» բաժին հասավ «Տետեքսը»։

Հատկանշական է, որ Տետովո քաղաքի թիմն այդ մրցաշրջանում դուրս էր մնացել Մակեդոնիայի Առաջին լիգայից և եվրոգավաթներում հանդես գալու ուղեգիր էր ձեռք բերել շնորհիվ այն բանի, որ դարձել էր Մակեդոնիայի գավաթակիր։

Սկոպյեի «Ֆիլիպ 2-րդ» մարզադաշտում կայացած թիմերի առաջին խաղում «Փյունիկը» Վիուլեն Այվազյանի խփած գոլի շնորհիվ առջևում էր հաշվի մեջ, սակայն մրցակիցը 90-րդ րոպեին մեր պաշտպանների կոպիտ սխալից հետո կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը՝ 1-1։

Հետաքրքիր է, որ խաղի 81-րդ րոպեին «Փյունիկի» խփած մաքուր գոլը մեծ դժգոհություններ էր առաջացրել մակեդոնացիների մոտ, քանի որ նրանց կարծիքով՝ մեր թիմը գոլը խփել էր խաղից դուրս վիճակից։ Իսկ մրցակցի գխավոր մարզիչ Գորազդ Միխայլովը խաղից հետո հայտարարել էր, որ «Փյունիկը» արժանի չէր այդ խաղում հաղթեր, իսկ խփած գոլի համար պետք է երախտապարտ լինի եզրային մրցավարին։

Եվրոպա լիգայի 2013/14թթ. խաղարկություն. Որակավորման առաջին փուլ. 1-ին խաղ

04.07.2013 Սկոպյե, «Ֆիլիպ 2-րդ» մարզադաշտ

«Տետեքս» - «Փյունիկ» 1-1

Գոլեր՝  Վիուլեն Այվազյան, 81 (0-1), Գենց Իսենի, 90 (1-1)

Այդուհանդերձ, պատասխան խաղում Ռաֆայել Նազարյանի սաները կարողացան նվազագույն հաշվով հաղթանակ տանել և դուրս գալ հաջորդ փուլ։ Հանդիպման ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Վիուլեն Այվազյանն, ով այդ խաղարկությունում դարձավ «Փյունիկի» խփած բոլոր 3 գոլերի հեղինակը, կարողացավ հաղթանակ պարգևել մեր թիմին։

Եվրոպա լիգայի 2013/14թթ. խաղարկություն. Որակավորման առաջին փուլ. 2-րդ խաղ

11.07.2013 Երևան «Հանրապետական» մարզադաշտ

«Փյունիկ» - «Տետեքս» 1-0

Գոլ՝  Վիուլեն Այվազյան, 90+3 (1-0)

Մակեդոնիան ներկայացնող ակումբների դեմ մրցելու «Փյունիկի» առայժմ վերջին փորձը կայացել է Եվրոպա լիգայի նախորդ խաղարկությունում, որտեղ մեր թիմը հասավ մինչև որակավորման 3-րդ փուլ, ինչը մեր թիմի պատմության մեջ լավագույն արդյունքն էր։

Առաջին փուլում «Փյունիկը» հանդիպեց Մակեդոնիայի փոխչեմպիոն «Վարդարի» հետ, որը Եվրոպա լիգայի նախորդ խաղարկությունում մեծ իրարանցում էր առաջացրել Եվրոպայում՝ հասնելով մինչև խմբային փուլ։

Այդ խաղում «Փյունիկում» իրենց նորամուտն էին նշում ինչպես մի շարք ֆուտբոլիստներ, այնպես էլ իր մարզչական նորամուտն էր նշում ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևը։

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած առաջին խաղում մեր թիմի նորեկ Մոհամեդ Կոնատեի խփած միակ գոլը 1-0 հաշվով հաղթանակ պարգևեց «Փյունիկին»։

Եվրոպա լիգայի 2018/19թթ. խաղարկություն. Որակավորման առաջին փուլ. 1-ին խաղ

12.07.2018 Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

«Փյունիկ» - «Վարդար» 1-0

Գոլ՝ Մոհամեդ Կոնատե, 28 (1-0)

Մեկ շաբաթ անց թիմերի պատասխան խաղում, որը կայացավ «Ֆիլիպ 2-րդ» մարզադաշտում, և որը եվրոգավաթներում հաջողակ է դարձել «Փյունիկի» համար, մեր թիմին կրկին հաջողվեց հաղթահարել մակեդոնական ակումբների արգելքը։

Այս անգամ արդեն իր խոսքն ասաց փոխարինման մտած Բակար Բալդեն, ով հանդիպման վերջին րոպեներին կարողացավ իր հաշվին դուբլ գրանցել և 2-0 հաշվով հաղթանակ պարգևեց «Փյունիկին»։

Եվրոպա լիգայի 2018/19թթ. խաղարկություն. Որակավորման առաջին փուլ. 2-րդ խաղ

19.07.2018 Սկոպյե, «Ֆիլիպ 2-րդ» մարզադաշտ

«Վարդար» - «Փյունիկ» 0-2

Գոլեր՝  Բակար Բալդե, 85 (0-1), Բակար Բալդե, 89 (0-2)

Վերջին նորություններ