
Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Փյունիկ 2009» թիմը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մասնակցում էր միջազգային «Elite Neon Cup» մրցաշարին, որտեղ կարող էր արծաթե գավաթ նվաճել, սակայն 11 մետրանոց վիճակախաղում հաջողությունը ժպտացել էր մրցակցին:
Մեր թիմը խմբային փուլը սկսել էր «Շութերս Ակադեմիայի» հետ խաղով, որտեղ Անդրանիկ Երվանդյանի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով Արամ Գյուլբուդաղյանցի թիմը հաղթանակ էր տոնել մրցակցի նկատմամբ:
Խմբային փուլի հաջորդ երկու հանդիպումները տեղի էին ունենցել նույն օրը՝ 2 ժամի տարբերությամբ: Չնայած համառ պայքարին և գոլային լավ հնարավորություններին գոլազուրկ ոչ-ոքի էր գրանցվել Աթենքի քոլեջի թիմի հետ խաղում, այնուհետև, Անդրանիկ Երվանդյանի գոլը մեզ ոչ-ոքի էր բերել Լիբանանը ներկայացնող «Աթլետիկոյի» հետ մրցավեճում: Չնայած բարդ օրացույցին մեր տղաները խմբային փուլն ավարտել էին առանց պարտության:
«Թիմային և անհատական լավ աշխատանք կատարեցինք, որպես արդեն հասուն տղաներ ինձ ցույց տվեցին այն, ինչին ես իսկապես չէի սպասում՝ գրանցելով լավ արդյունքներ,որովհետև կազմակերպված լավ և ուժեղ թիմեր կային:Մենք արեցինք այն ինչ մտածել էինք և նույնիսկ ավելին: Ամենավերջում մեզ ինչ-որ բան չբավականացրեց, բայց մենք բնավորություն ենք ցույց տվել, մենք խաղացել ենք այն ֆուտբոլը, որը դավանում ենք»,-կիսվել է գլխավոր մարզիչը:
Խմբային փուլում գրանցած դրական արդյունքների շնորհիվ մեր թիմը շարունակել էր իր պայքարը մեդալային տեղերի համար և մեզ բաժին էր հասել «Պայանիասի» թիմը: Դավիթ Ասատուրյանի կրնկով կատարած բարդ և միաժամանակ կարևոր գոլի շնորհիվ հանդիպման հիմնական ժամանակը ավարտվել էր 1:1 հաշվով: Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում Արամ Գյուլբուդաղյանցի տղաներն ավելի սառնասիրտ էին գտնվել՝ հաղթելով մրցակցին 5:3 հաշվով:
Հաջորդ մրցակիցը Բուլղարիան ներկայացնող «Բոտև Պլովդիվին» էր: Այս խաղում ևս մեր տղաները հաղթողի հարցը լուծել են հանդիպման հիմնական ժամանակում, որտեղ մեկական գոլեր են խփել Անդրանիկ Երվանդյանը և Արտյոմ Հակոբյանը:
«Elite Neon Cup»-ի հերթական հանդիպման շրջանակում մեր թիմը 3-րդ անընդմեջ հաղթանակն էր գրանցել՝ այս անգամ պարտության մատնելով ռումինական «Բիհոր Օրադեային»: Էրիկ Գևորգյանը և Արտյոմ Հակոբյանն այդ խաղում դարձել էին հաղթական գոլերի հեղինակները:
Մեզ համար որոշիչ խաղում ընդամենը կես քայլ էր բաժանում արծաթե գավաթով Աթենքից վերադառնալուն, սակայն 11-մետրանոց հարվածաշարում 4:5 հաշվով պարտվել ենք հունական «Պանիոնիսին»:
Այսպիսով մենք վերադառնում ենք Երևան՝ գրանցելով 4️ հաղթանակ, 2️ ոչ-ոքի և 1 պարտություն, այն էլ հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում:
Մենք պայքարեցինք համառորեն, խաղացինք սրտով և հպարտ ենք յուրաքանչյուր պահով, յուրաքանչյուր գոլով, յուրաքանչյուր խփած գնդակով:
«Շնորհակալ ենք ակումբի ղեկավարությանը, որ զարգացնում են ակադեմիան՝ այսպիսի լավ կազմակերպված մրցաշարերի մասնակցելով: Ես վստահ եմ, տղաները այստեղից իրենց հետ փորձ են բերելու»,-եզրափակել է գլխավոր մարզիչը: