«Փյունիկն» անցկացրեց Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի վերջին հանդիպումը, որտեղ Չարենցավանում 2:3 հաշվով զիջեց տեղի «Վանին»:
Հանդիպման մեկնարկում մեր թիմը պահեր ստեղծում էր և մոտ էր հաշիվը բացելուն, սակայն երկու դրվագներում մեզ աննշան չբավականացրեց արդյունավետ լինելու համար:
Այնուամենայնիվ, այս խաղում առաջին, հետո արդեն երկրորդ գնդակները խփեցին տանտերերը. սկզբում հաշիվը բացեց Մոմո Տուրեն, հետո, իր թիմի առավելությունը կրկնապատկեց Ակորեդե Ուսման Աջիբոնան:
Խաղակեսի վերջնամասում Եղիշե Մելիքյանի տղաներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը՝ գոլն իր անվան դիմաց գրանցեց պաշտպան Տարոն Ոսկանյանը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց տանտերերը վերականգնեցին երկու գնդակի առավելությունը. ստանդարտի խաղարկումից հետո, դարպասապահ Սերգեյ Միքայելյանը դուրս եկավ դարպասից և փորձեց օդում որսալ գնդակը, սակայն, մինչև նա կհասներ գնդակին «Վանի» ֆուտբոլիստ Կլայդեր Վիտորիո Բրավին գլխով գրավեց «Փյունիկի» դարպասը:
Բաց թողած գոլից հետո մեր թիմը գնաց առաջ և նորից ունեցավ պահեր, որոնք չստացվեցին հաջող եզրափակել՝ մասնավորապես, Սերժ Դեբլեի հեռվից կատարած հարվածից հետո, գնդակը հետ մղվեց դարպասաձողից և վրա հասած Միխայիլ Կովալենկոն չկարողացավ գրավել մրցակցի դարպասը:
Ամեն դեպքում Կովալենկոն ստացավ իր շանսը և կարողացավ դրվագը գոլով եզրափակել. մրցավարի ավելացրած 8-րդ րոպեին Կովալենկոն տուգանային հրապարակում էր և աջ ոտքով, մեկ հպումով, գեղեցիկ հարված կատարեց ու գրավեց «Վանի» դարպասը:
Այս խաղից հետո «Փյունիկը» գնում է կարճ դադարի: Եղիշե Մելիքյանի թիմը մրցաշրջանն ավարտեց 4-րդ տեղով՝ 30 խաղում վաստակելով 53 միավոր, ինչն էլ մեզ հնարավորություն տվեց ամռանը մասնակցել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փուլին: