0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Simon Cup». «Փյունիկ 2010» և «Փյունիկ 2011-1» թիմերը մրցաշարն ավարտեցին ոսկե և արծաթե մեդալներով

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեր ակադեմիան ներկայացնող «Փյունիկ 2010» և «Փյունիկ 2011-1» թիմերը մասնակցում էին Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանի հիշատակին նվիրված` «Simon Cup» մրցաշարին: Ստեփան Հարությունյանի «Փյունիկ 2010»-ը մրցաշարից վերադառնում է արծաթե մեդալներով, իսկ Դավիթ Գրիգորյանի «Փյունիկ 2011-1»-ը արձանագրեց իր հերթական նվաճումը՝ կրկին չեմպիոնություն:

«Փյունիկ 2010» թիմը մրցաշարի բացման օրն անցկացրեց երկու հանդիպում: Մեր տղաները «Սելերո 2010» թիմի նկատմամբ տոնեցին հաղթանակ 2:0 հաշվով, որտեղ արդյունավետ գտնվեցին Ալբերտ Ավագյանն ու Շանթ Խաչատրյանը: Հաջորդիվ մեր սաները  «Ակադեմիայի» հասակակիցների հետ խաղում գրանցեցին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, խաղի միակ գնդակը մեզ համար հեղինակեց Գագիկ Գրիգորյանը: 
Հաջորդ օրը մեր տղաներն առավելության հասան «Արարատ Արմենիա 2010»-ի (1:0) նկատմամբ, սակայն օրվա մյուս խաղում կրեցին պարտություն. Ստեփան Հարությունյանի սաները 1:2 հաշվով զիջեցին «Ուրարտուի» հասակակիցներին:

Դեպի եզրափակիչ տանող խաղում մեր մրցակիցը Քութայիսի «Տորպեդոն» էր, ում նկատմամբ Հայկ Գրիգորյանի և Նարեկ Դավթյանի գոլերի շնորհիվ հաղթանակ տոնեցինք:
Այնուամենայնիվ, որոշիչ խաղում փյունիկցիները պարտություն կրեցին «Ուրարտուից» և դարձան մրցաշարի փոխչեմպիոն:

«Simon Cup» մրցաշարում մինչև 15 տարեկանների խմբում լավագույն դարպասապահ ճանաչվեց «Փյունիկ 2010»-ից Դանիել Գևորգյանը:

«Փյունիկ 2011-1» թիմը մրցաշարը մեկնարկեց գոլառատ հաղթանակներով: Առաջին օրը մեր սաները 7 գնդակ հեղինակեցին երկու մրցակիցների դարպասը: Նախ, առաջին մրցավեճը Քութայիսի «Տորպեդո 2011»-ի հետ էր, որտեղ գոլերով աչքի ընկան Արեն Սարգսյանը՝ դուբլ, Էրիկ Հովհաննիսյանը և Նարեկ Ավետիսյանը։ Իսկ օրվա երկրորդ խաղում «Ակադեմիա 2011»-ի հետ ստացվեց 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, որտեղ փայլեցին Միքայել Խանգելդյանը, Արեն Սարգսյանը և Նարեկ Ավետիսյանը: 

«Simon Cup»-ի երկրորդ խաղային օրը ևս մեզ համար հաջող ստացվեց. Դավիթ Գրիգորյանի տղաները «Նոա 2011»-ին հաղթեցին 4:1 հաշվով, որտեղ արդյունավետ գտնվեցին Արեն Սարգսյանը՝ դուբլ, Նարեկ Ավետիսյանը և Ռոբերտ Դաբաղյանը: Իսկ արդեն «Ուրարտուի» հետ խաղում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով՝ փյունիկցիների միակ գնդակը հեղինակեց Արեն Սարգսյանը:

Մեր 4-րդ հաղթանակն այս մրցաշարում երկար սպասեցնել չտվեց: «Simon Cup»-ի արդեն եզրափակիչ օրը սկսվեց հաղթանակով՝ «Սելերո 2011»-ի նկատմամբ, որտեղ մեր կազմում միակ և հաղթական գնդակը հեղինակեց Գոռ Բարսամյանը:
Որոշիչ խաղում մեր տղաները չսխալվեցին. «Ակադեմիա 2011»-ի հետ խաղում Արեն Սարգսյանը և Նարեկ Ավետիսյանն  ամրագրեցին նռնագույնների հաղթանակը: «Փյունիկ 2011-1»-ը նվաճեց մրցաշարի մինչև 14 տարեկանների խմբի ոսկին:

«Simon Cup»-ի մինչև 14 տարեկանների խմբում «Փյունիկ 2011-1»-ի չեմպիոնները ստացան նաև անհատական մրցանակներ. Արեն Սարգսյան՝  լավագույն ֆուտբոլիստ՝ լավագույն հարձակվող՝ լավագույն ռմբարկու իսկ Գևորգ Աբաջյանը՝ լավագույն դարպասապահ:

Շնորհավորում ենք մեր մարզիչներին և սաներին այս արդյունքների կապակցությամբ: 

Վերջին նորություններ