ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ» – «Դյոր» առաջին խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղյա մամուլի ասուլիսում խոսել է հաղթանակի, մրցակցի, նորեկ ֆուտբոլիստների և առաջիկա արտագնա խաղի վերաբերյալ։
«Սա բոլորիս հաղթանակն է, շնորհավորում եմ բոլորիս։ Ուղղակի շատ բան չեմ ուզում խոսել խաղի մասին, որովհետև մեր խաղն այս թիմի հետ դեռ չի ավարտվել, ընդամենն առաջին խաղակեսը վերջացավ։ Իհարկե, հաճելի է, վստահություն է տալիս, բայց դեռ ունենք երկրորդ խաղակես՝ իրենց մոտ, և պետք է լուրջ պատրաստվենք։ Խաղի մասին ասեմ, որ տակտիկապես լիովին ճիշտ աշխատեցինք։ Փակեցինք իրենց ուժեղ կողմերը, չտվեցինք հնարավորություն իրենց վտանգավոր հարձակումները գոլի վերածելու։ Ստացվեց մեր պլանը»,-նշել է Մելիքյանը։
Անդրադառնալով մրցակցի խաղաոճին՝ Մելիքյանն ընդգծել է․
«Ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է և ես այս թիմը նմանեցնում եմ «Կալմարին»։ Շատ դժվար է լինելու դրսի խաղը։ Պետք է շատ լավ, շատ ճիշտ պատրաստվենք, մոտիվացնենք թիմին, հոգեբանորեն ճիշտ պատրաստենք։ Կարգապահությունը և խաղային որակը պետք է բարձր մակարդակի վրա լինեն։ Դժվար խաղ է սպասվում։ Իրենք պատրաստ են, իսկ մենք կրկնեմ՝ լավ նախապատրաստական փուլ չենք անցել, որպեսզի լավ խաղավիճակում լինենք։ Հուսով եմ՝ խաղից խաղ կավելացնենք մեր ֆիզիկական պատրաստվածությունը»։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք հայկական ֆուտբոլը վերջին տարիներին աճ գրանցել է՝ Մելիքյանը պատասխանել է․
«Այո, միանշանակ մրցակցությունն ավելացել է։ Հայկական թիմերը շատ լավ են աշխատում։ Ակումբների նախագահները ներդրումներ են անում, ինչը շատ գովելի է։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ կարողանում ենք մրցել նման ուժեղ թիմերի դեմ ու հաղթել։ Չեմ հիշում, որ նախկինում նման պատկեր եղել է։ Եթե անգամ եղել է, ապա հազարից մեկ։ Իսկ հիմա մենք դուրս ենք գալիս դաշտ ու գիտենք, որ կարող ենք հաղթել»։