
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի մարզչական շտաբում ընդգրկված կլինեն՝ Արթուր Մկրտչյանը, Գոռ Մալաքյանը, Արթուր Ավագյանը, Գուրգեն Հակոբյանը և Չիրո Հոսսեինի Վարդեյին։
Արթուր Մկրտչյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում երկար տարիներ պաշտպանել է «Փյունիկի» գույներն ու հանդիսանում է մեր ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստներից։ «Փյունիկի» կազմում նա դարձել է Հայաստանի վեցակի չեմպիոն (1995/96, 1996/97, 2001, 2002, 2003, 2004 թթ․), եռակի գավաթակիր (1995/96, 2002, 2004 թթ․) և եռակի սուպերգավաթակիր (1997, 2002, 2004 թթ․): Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո, Մկրտչյանը երկար տարիներ աշխատել է «Փյունիկի» մարզչական շտաբում։ Նախորդ երկու մրցաշրջաններում Արթուր Մկրտչյանն ընդգրկված էր «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբում։
Գոռ Մալաքյանն, ով օրերս հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, մեր ակումբի սան է։ Գոռը 2011-2014 և 2020-2021 թթ․ խաղացել է «Փյունիկում»՝ մեր թիմի կազմում դառնալով Հայաստանի կրկնակի գավաթակիր (2012/13, 2013/14 թթ․) և սուպերգավաթակիր (2011 թ․)։ Վերջին տարիներին նա հանդես էր գալիս Երևանի «Արարատում»։
Արթուր Ավագյանը 2022-2023 թթ․ խաղացել է «Փյունիկում»։ Նա մեր թիմի կազմում Չեմպիոնների լիգայի խաղարկության առաջին փուլի՝ ռումինական «Կլուժի» դեմ պատասխան խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ ու հստակորեն իրացրել հետխաղյա 11 մետրանոց հարվածն՝ օգնելով «Փյունիկին» պատմական հաղթանակ տանել։ 2023 թվականի դեկտեմբերին Ավագյանը ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո համալրել է «Փյունիկ Ակադեմիայի» մարզչական շտաբը։
Դարպասապահների մարզիչ Գուրգեն Հակոբյանը 2007 թվականից զբաղվում է մարզչական գործունեությամբ։ 2016-2018 թթ․ նա աշխատել է «Փյունիկի» ակադեմիայում։ 2018 թվականից մինչ այս տարի Գուրգեն Հակոբյանը որպես դարպասապահների մարզիչ աշխատել է «Արարատ-Արմենիա-2»-ում, ապա՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր թիմում։ Տարբեր տարիներին նա եղել է Հայաստանի Մ-17, Մ-18, Մ-19 և երիտասարդական հավաքականների դարպասապահների մարզիչը։ 2023 թվականից Հակոբյանը հանդիսանում է ՀՖՖ դարպասապահների հրահանգիչ։ Հակոբյանը ստացել է ՈւԵՖԱ Դարպասապահների A կարգի մարզչական արտոնագիր։
Ֆիզպատրաստության մարզիչ Չիրո Հոսսեինի Վարդեյին 2018 թվականից աշխատում է «Փյունիկի» գլխավոր թիմում։ 2020 թվականին նա արդեն հասցրել է Արտակ Օսեյանի հետ աշխատել մեր թիմի մարզչական շտաբում։