Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 3-րդ տուրում «Փյունիկը» Գյումրիում մրցեց «Շիրակի» հետ։
Այս հանդիպումն առանձնահատուկ էր նրանով, որ այն վերջինն էր մեր թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի համար, ով ստանձնել էր Հայաստանի ազգային հավաքականի ղեկը։ Մելիքյանը նշված չէր խաղի հայտացուցակում ու հանդիպմանը հետևում էր օթյակից։ Այդ պատճառով «Փյունիկի» գործողությունները տեխնիկական գոտուց ղեկավարում էր գլխավոր մարզչի օգնական Ռոման Մոնարյովը։
Առաջին կեսում «Փյունիկն» ամբողջությամբ վերահսկում էր խաղը, սակայն գրոհների եզրափակիչ փուլում մեր թիմի մոտ պակասում էր դիպուկությունը։
«Փյունիկի» կազմում երկու անգամ կարող էր աչքի ընկնել Ալեմաոն, սակայն մի դեպքում՝ նրա պտտեցրած հարվածն աննշան շեղ ընթացավ, ապա Դանիել Աղբալյանը խորքից հիանալի ու ճշգրիտ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց բրազիլացի ֆուտբոլիստին, սակայն նրա հարվածից հետո Սոկրատ Հովհաննիսյանը տիրեց գնդակին։
Ընդմիջման գնալուց առաջ Վագներ Գոնսալվեշը հեռահար հարվածով ստուգեց «Շիրակի» դարպասապահի զգոնությունը, բայց այս անգամ էլ Հովհաննիսյանն առանց դժվարության չեզոքացրեց վտանգը։
Երկրորդ կեսում «Փյունիկի» բոլոր փորձերը ևս արդյունք չտվեցին։ 68-րդ րոպեին Խավի Մորենոյի հարվածից հետո գնդակը դիպավ «Շիրակի» խաղացողներին՝ ապակողմնորոշելով նաև Սոկրատ Հովհաննիսյանին ու հրաշքով չհայտնվեց դարպասում։
88-րդ րոպեին մեր թիմը կորցրեց այս խաղում ամենաիրական գոլային պահը։ Փոխարինման մտած Էդգար Մալաքյանը ձախ թևից գնդակը կախեց «Շիրակի» տուգանային հրապարակ, Դանիիլ Կուլիկովը գլխով փոխանցեց այն դեպի կենտրոն, որտեղ Մարիուս Նուբիսին զարմանալիորեն չկարողացավ գրավել անպաշտպան դարպասը։
Մրցավարի կողմից ավելացված ժամանակում Մարիուս Նուբիսին կարող էր ի վերջո հաղթանակ պարգևել «Փյունիկին», բայց հայտնվելով նպաստավոր դիրքում, չկարողացավ դիպուկ հարվածել։
Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0։ «Փյունիկն» այս խաղում ունենալով մեծ առավելություն, ցավոք, կորցրեց հաղթանակ տանելու լավ հնարավորությունը։