
Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլի «Շկուպիի» դեմ խաղում «Փյունիկի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան նոր մարզաշապիկներով։ Այսուհետ մեր թիմը հանդես կգա Puma ֆիրմայի հանդերձանքով։
Այդ կապակցությամբ, ներկայացնում ենք «Փյունիկ» ՖԱ-ի գոյության 27 տարիներին կրած մարզաշապիկները։
ԽՍՀՄ փլուզումից հետո, 1992թ.-ին անցկացված Հայաստանի անդրանիկ առաջնությունում հանդես եկավ նաև նորաստեղծ ՀՄԸՄ թիմը, որն առաջին իսկ մրցաշրջանում հռչակվեց Հայաստանի չեմպիոն։
Սկզբնական շրջանում թիմը կրում էր մարզաշապիկներ, որոնց վրա գրված էր՝ «OLIMP-99»։
ՀՄԸՄ թիմը (1992թ.)
1992թ. ՀՄԸՄ-ի խաղացող-մարզիչ Խորեն Հովհաննիսյանը` «Արարատի» դեմ (1-1) հանդիպումից հետո
Առաջնության ընթացքում «Հոմենեթմենը» հանդես եկավ նաև նարնջագույն մարզաշապիկներով, որոնց վրա ի տարբերություն վերը նշվածի՝ ձախ հատվածում առկա էր ՀՄԸՄ-ի տարբերանշանը։
1992թ. ՀՄԸՄ-ի խաղացող-մարզիչ Խորեն Հովհաննիսյանը` «Շիրակի» դեմ խաղից առաջ
Հաջորդ՝ 1993թ.-ի մրցաշրջանում թիմը շարունակեց հանդես գալ մեկ այլ նարնջագույն մարզաշապիկներով, որոնց վրա գրված էր ակումբի անվանումը։
«Հոմենեթմենը»՝ Լիբանանում կայացած ընկերական հանդիպումների ժամանակ
Այդ ընթացքում թիմն ուներ նաև սպիտակ մարզաշապիկներ՝ նախատեսված արտագնա հանդիպումների համար։
1995թ.-ին ՀՄԸՄ-ն վերանվանվեց «Փյունիկ»։ Ակումբն ունեցավ նոր տարբերանշան, ինչպես նաև սկսեց հանդես գալ գերմանական Erima ֆիրմայի արտադրության մարզաշապիկներով։
Միջին և ավագ սերնդի շատ ֆուտբոլասերների հիշողության մեջ պահպանված, տարբերվող ու ինքնատիպ «Փյունիկի» այս մարզաշապիկներն 90-ականների կեսերին նոր «էկզոտիկա» էին հաղորդել Հայաստանի առաջնությանը։
Հետաքրքիր է, որ Erima ֆիրմայի այս նույն մոդելի մարզաշապիկներով 1993-95թթ. հանդես էր գալիս նաև Լիբանանի ուժեղագույն թիմերից՝ «Նժմեհը»։
Լիբանանի «Նժմեհ» թիմը (1995թ.)
Հաջորդ տարի «Փյունիկը» սկսեց կրել նույն ֆիրմայի դեղին մարզաշապիկներ, որոնցով խաղաց 1996/97թթ. մրցաշրջանում։
Այս մարզաշապիկներով «Փյունիկը» ֆիննական ՀԻԿ-ի դեմ խաղերում իր նորամուտը նշեց եվրոգավաթներում։
1997թ.-ի հուլիսին, «Փյունիկն» իր նորամուտը նշեց նաև Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և առաջին փուլի հունգարական ՄՏԿ-ի դեմ խաղերում հանդես եկավ Erima ֆիրմայի նոր խաղաշապիկներով, որն ավելի շատ Ճամայկայի հավաքականի գույներն էր հիշեցնում։
Ի դեպ, այս մարզաշապիկներով «Փյունիկը» հանդես եկավ մինչև 1998թ.-ի իր լուծարումը, իսկ 3 տարի անց, երբ թիմը նորից կազմավորվեց, առաջնության մեկնարկային տուրերի մի քանի խաղերում կրկին կրում էր այս նույն մարզաշապիկները։
2001թ.-ի «Փյունիկի» վերածնունդից հետո, թիմը ներքին առաջնությունում շուրջ 2 տարի հանդես եկավ իտալական Diadora ֆիրմայի մարզաշապիկներով։
Իսկ 2002թ.-ին, Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին երկու փուլերի «Տամպերե Յունայթեդի» և Կիև «Դինամոյի» դեմ խաղերում «Փյունիկը» հանդես եկավ հայրենական արտադրության Holani ֆիրմայի նոր մարզաշապիկներով։
«Տամպերե Յունաթեդի» դեմ երկու խաղերում «Փյունիկը» կրում էր սպիտակ մարզաշապիկներ...
... իսկ Կիևի «Դինամոյի» հետ հանդիպումներում՝ մուգ կապույտ։
Holani. 2003
2003թ.-ի հուլիսին, Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ռեյկյավիկի» դեմ խաղից սկսած՝ «Փյունիկը» սկսեց հանդես գալ Puma ֆիրմայի մարզաշապիկներով։
2005թ.-ի մայիսին կայացած Հայաստանի Սուպերգավաթի մրցավեճում «Փյունիկը» խաղաց Holani ֆիրմայի նոր՝ մուգ կապույտ մարզաշապիկներով, որն ամբողջությամբ Puma ֆիրմայի կապույտ մարզաշապիկի կրկնօրինակն էր։
2005թ.-ի հուլիսից սկսած՝ «Փյունիկը» հանդես եկավ դանիական Hummel ֆիրմայի մարզաշապիկներով։
Ի դեպ, հենց Hummel ֆիրմայի մարզաշապիկներով է «Փյունիկն» ամենից շատ հանդես եկել՝ շուրջ 9 տարի։
Hummel. 2006/08
Hummel. 2007/08
2008թ.-ի նոյեմբերի 19-ին, Հայաստանի առաջնության «Արարատի» դեմ «ոսկե» խաղում, «Փյունիկն» ասպարեզ էր դուրս եկել Hummel ֆիրմայի սև մարզաշապիկներով։
2009թ.-ի մրցաշրջանում «Փյունիկը» ելույթ ունեցավ Hummel ֆիրմայի նոր մարզաշապիկներով, և բացի այդ, նոր մարզաշապիկի ձախ հատվածում, տարբերանշանի վերևում ավելացավ ոսկեգույն աստղ, որը խորհրդանշում էր «Փյունիկի» 10-ից ավելի չեմպիոնությունները։
Հաջորդ՝ 2010թ.-ի մրցաշրջանի համար նախատեսված «Փյունիկի» նոր մարզաշապիկների վրա առկա էր նաև ակումբի հովանավոր՝ «Զարգացման Հայկական Բանկ»-ի տարբերանշանը։
Hummel. 2011/12
Hummel. 2012/13
2013թ.-ի հուլիսին, «Փյունիկի» պաշտոնական կայքը ներկայացրեց Hummel-ի նոր հավաքածուի մարզաշապիկները, որը նախատեսված էր 2013/14թթ. մրցաշրջանի համար։ Դրանք դանիական ֆիրմայի վերջին մարզաշապիկներն էին, որոնցով «Փյունիկը» հանդես եկավ և այդպիսով Hummel ժամանակաշրջանն ավարտվեց։
Հաջորդ տարի «Փյունիկը» սկսեց կրել Nike ֆիրմայի մարզահագուստ։
Հատկանշական է, որ խաղաշապիկների վրա «Փյունիկի» նոր տարբերանշանն էր, որը մի քանի օր առաջ էր ներկայացվել։
Nike. 2014/15
Nike. 2015/17
2017/18թթ. մրցաշրջանների համար նախատեսված Nike ֆիրմայի նոր մարզաշապիկների վրա հայտնվեց ակումբի գործընկեր՝ Gold's Gym-ի տարբերանշանը։
2018թ.-ի սեպտեմբերից, «Փյունիկը» հանդես եկավ Umbro ֆիրմայի կապույտ և սպիտակ մարզաշապիկներով։
Իսկ 2019թ.-ի մարտին, առաջնության գարնանային հատվածից սկսած՝ մարզաշապիկի վրա ավելացավ ակումբի նոր տարբերանշանի վերջնակական տարբերակը։
2019/20 մրցաշրջանից «Փյունիկը» հանդես կգա Puma ընկերության մարզաշապիկներով