0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» հաղթեց ԲԿՄԱ-ին և մոտեցավ առաջատարներին

Fastex Պրեմիեր լիգայի հերթական տուրում «Փյունիկն» ընդունել էր ԲԿՄԱ-ին։

Նախորդ երկու խաղերում կրած պարտություններից հետո, մեր թիմին անպայման հաղթանակ էր պետք այս խաղում՝ միավորներով առաջատարներից հետ չմնալու ու հոգեբանորեն վերակագնվելու համար։

Թեպետ, պետք է նշել, որ բանակայինների թիմն էլ «Փյունիկի» համար «նվեր» չէ և, մասնավորապես, թիմերի միջև վերջին խաղում, որը կայացել էր նախորդ առաջնության շրջանակներում, ԲԿՄԱ-ին հաջողվել էր 2։1 հաշվով առավելության հասնել մեր թիմի նկատմամբ։

«Նոայի» հետ նախորդ խաղի համեմատ «Փյունիկի» մեկնարկային կազմում կատարվել էր մեկ փոփոխություն․ Ստանիսլավ Բուչնևի փոխարեն՝ մեր թիմի դարպասը կրկին պաշտպանում էր Հենրի Ավագյանն, ով թեթև վնասվածքից հետո շարք էր վերադարձել։

Հանդիպման հենց սկզբից «Փյունիկն» ուներ խաղային ու տարածքային մեծ առավելություն և գոլը շատ չուշացավ։ 8-րդ րոպեին Մարիուս Նուբիսիի հարվածից հետո ԲԿՄԱ-ի դարպասապահ Դավիթ Դավթյանը ոչ այնքան հաջող գործեց ու վրա հասած Դանիիլ Կուլիկովը բացեց խաղի հաշիվը՝ 1։0։

«Փյունիկը» շարունակեց ճնշումը և 26-րդ րոպեին Դանիիլ Կուլիկովի իրացրած անկյունայինից հետո մրցակցի տուգանային հրապարակում հայտնված մեր թիմի ավագ Ալեքսանդր Միլկովիչը դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 2։0։ Սերբ ֆուտբոլիստը վերադարձից հետո առաջին գոլը խփեց «Փյունիկում»։

Առաջին կեսում մեր թիմը դարպասը գրավելու ևս մի քանի լավ հնարավորություն ստացավ ու կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով, սակայն նպաստավոր պահերը չիրացրին Մարիուս Նուբիսին, Էրիկ Օկանսին և գոլի հեղինակ Դանիիլ Կուլիկովը։

Ընդմիջումից հետո խաղի պատկերը չփոխվեց ու գնդակին տնօրինում էին «Փյունիկի» ֆուտբոլիստները։

Սակայն 60-րդ րոպեից սկսած մեր պաշտպանները մի պահ թուլացրին զգոնությունն, ինչից կարողացան օգտվել ԲԿՄԱ-ի երիտասարդ ֆուտբոլիստները։ Նախ Նարեկ Հովհաննիսյանի հարվածից հետո փայլուն խաղաց Հենրի Ավագյանը՝ սլացիկ ցատկով գնդակը հանելով անկյունային, ապա բանակայինների արագ հակագրոհի արդյունքում՝ Վյաչեսլավ Աֆյանն, ով մեր թիմի ֆուտբոլիստ է ու զինծառայությունն է անցկացնում ԲԿՄԱ-ում, կարողացավ մեծ արագությամբ շրջանցել Միխայիլ Կովալենկոյին ու գնդակը հասցեագրեց հսկողությունից դուրս մնացած Արթուր Ասկարյանին, իսկ վերջինս էլ կրճատեց հաշվի տարբերությունը՝ 2։1։

Բաց թողած գոլից հետո մեր թիմը կարողացավ համախմբվել ու րոպեներ անց Ալեմաոյի փոխանցումից հետո Կառլեն Հովհաննիսյանը քիչ մնաց գլխի հարվածով կրկին վերականգներ 2 գնդակի տարբերությունը, սակայն գնդակը փոքր-ինչ շեղ ընթացավ։

«Փյունիկը» կարողացավ պահպանել հաղթական հաշիվն ու վաստակելով 3 միավոր, մոտեցավ առաջատար խմբին։

Մեր թիմը հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 27-ին՝ հյուրընկալվելով «Գանձասարին»։

Վերջին նորություններ