Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 8-րդ տուրում «Գանձասարի» նկատմամբ տարած հաղթանակից հետո, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն անդրադարձավ խաղին, ինչպես նաև խոսեց թիմում տարվող աշխատանքների մասին.
«Բավական ծանր խաղ ստացվեց։ Ճիշտն ասած՝ այդպես էլ սպասում էինք, որովհետև «Գանձասարն», իրոք, մարտական կազմ է հավաքել ու լավ ֆուտբոլ են խաղում։
Առաջին խաղակեսում մեզ համար մի փոքր բարդ էր, որովհետև մրցակիցը շատ կազմակերպված էր գործում։ Ճիշտ է՝ մենք վերահսկում էինք գնդակը, բայց գոլային պահեր շատ չունեցանք։
Երկրորդ խաղակեսը շատ ավելի լավ անցկացրեցինք, ավելի սուր էինք գործում և կարողացանք գոլ խփել։ Բնական է, որ նման հաշվի դեպքում խաղի վերջնամասը մի փոքր նյարդային է լինում ու այդպես էլ ստացվեց։ Բայց ամենակարևորը՝ 3 միավորն էր, որը վաստակեցինք ու շարժվում ենք առաջ։
Թիմն օրեցօր ավելի հաստատուն կերպով առաջ է շարժվում ու այն գաղափարները, որ մենք ուզում ենք ներդնենք, տեսնում ենք, որ թիմը դա վերցնում է։
Ինձ շատ դուր է գալիս առաջին հերթին նրանց պրոֆեսիոնալիզմը, վերաբերմունքն իրենց աշխատանքին ու այն ուղղությանը, որը մենք բռնել ենք։ Դա ինձ լիովին բավարարում է»։