
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 9-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» սեփական հարկի տակ ընդունեց Արարատի «Արաքսին»։
Մեր թիմի մեկնարկային կազմում առաջին անգամ ընդգրկվել էր 16-ամյա դարպասապահ Սերյոժա Հարությունյանը։
Խաղասկիզբն անհաջող դասավորվեց մեր թիմի համար և արդեն 24-րդ րոպեի դրությամբ «Փյունիկ Ակադեմիան» մրցակցին զիջում էր 0։2 հաշվով։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ եգիպտացի հարձակվող Ահմեդ Ֆադլալլան։
Սակայն մեր տղաները կամային բարձր հատկանիշներ դրսևորելով, կարողացան բեկել խաղի ընթացքը։
Նախ 43-րդ րոպեին Արտակ Գալստյանի իրացրած տուգանայինից հետո Մայիս Խաչատրյանը գլխի հարվածով կրճատեց հաշվի տարբերությունն, ապա 2 րոպե անց Տիգրան Գևորգյանն աջ թևից լայնակի փոխանցում կատարեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ և Վալերի Համբարձումյանին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը՝ 2։2։
Ընդմիջումից հետո Լևոն Ստեփանյանի թիմը չփորձեց բավարարվել ձեռք բերածով և 55-րդ րոպեին «Փյունիկ Ակադեմիան» կարողացավ նաև առաջ անցնել հաշվի մեջ։ Կրկին գոլային փոխանցման հեղինակ դարձավ Արտակ Գալստյանը․ նրա իրացրած անկյունայինից հետո Ժիրայր Աշիկյանը գլխի գեղեցիկ հարվածով առաջ մղեց մեր թիմին՝ 3։2։
«Փյունիկ Ակադեմիային» հաջողվեց պահպանել հաղթական հաշիվն ու ընդհատել վերջին 3 անհաջող հանդիպումների շարքը։
Նշենք, որ բացի դարպասապահ Սերյոժա Հարությունյանից, «Փյունիկ Ակադեմիայի» կազմում այս խաղում իրենց նորամուտը նշեցին նաև պատանի ֆուտբոլիստներ՝ Արտյոմ Հակոբյանը և Դավիթ Ասատուրյանը։
Մեր թիմն իր հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 7-ին՝ հյուրընկալվելով «Հայքին»։