0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» դուրս եկավ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ

«Փյունիկը» պայքարը սկսեց Հայաստանի գավաթի 2025/26 թթ․ խաղարկությունում։ 1/8 եզրափակչում մեր թիմի մրցակիցն էր «Գանձասարը», որի հետ 4 օր առաջ մրցել էր առաջնության շրջանակներում։

Հանդիպումն ընթացավ հորդառատ անձրևի ուղեկցությամբ, սակայն խաղի տեմպը բավականին բարձր էր։ Հենց խաղասկզբից ընդգծվեց «Փյունիկի» խաղային ու տարածքային առավելությունն ու մեր ֆուտբոլիստները գործում էին բարձր եռանդով։

Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց, թեև «Փյունիկը» գոլ խփելու մի քանի լավ հնարավորություններ ունեցավ։ Մասնավորապես, մեր թիմի կազմում կարող էին աչքի ընկնել Գևորգ Տարախչյանը, Մատաս Վարեյկան և Դանիիլ Կուլիկովը։

31-րդ րոպեին «Փյունիկը» նույնիսկ առաջ անցավ հաշվի մեջ Միխայիլ Կովալենկոյի դիպուկ հարվածի շնորհիվ, սակայն մրցավարը չեղարկեց գոլը, քանի որ մինչ այդ Մարիուս Նուբիսին գտնվել էր խաղից դուրս վիճակում։

Ընդմիջումից հետո Նուբիսին և Վարեյկան մեկական անգամ սպառնացին «Գանձասարի» դարպասին, սակայն երկու դեպքում էլ մրցակցի դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանն իր տեղում էր։

52-րդ րոպեին «Փյունիկի» համառությունը տվեց իր արդյունքը։ Մատաս Վարեյկայի փոխանցումից հետո Մարիուս Նուբիսին մոտ տարածությունից գրավեց դարպասը՝ 1։0։ Կամերունցի հարձակվողը վերջին խաղերում վերագտել է նշանառությունը՝ 4 խաղում դառնալով 5 գոլի հեղինակ։

61-րդ րոպեին Նուբիսին կրկին հարվածեց դեպի դարպասը, Գրիգորի Մաթևոսյանը դժվարությամբ կարողացավ հետ մղել գնդակը, բայց վրա հասած Դանիիլ Կուլիկովը կրկնապատկեց մեր թիմի առավելությունը՝ 2։0։

Իսկ 82-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Միխայիլ Կովալենկոն՝ գլխի հարվածով եզրափակելով Լուկաս Վիլյելայի փոխանցումը։

«Փյունիկը» վստահ հաղթանակ տարավ 3։0 հաշվով ու դուրս եկավ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Վերջին նորություններ