Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի առաջնությունում «Լ․Արցախ-աղջիկների» նկատմամբ տարած (5:1) հաղթանակից հետո, մեր թիմի գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանն իր գնահատականը տվեց խաղի վերաբերյալ, ինչպես նաև խոսեց առաջնության մակարդակի և մեր թիմի ելույթների մասին.
«Լավ խաղ էր, շատ բարձր տեմպ չէր։ Կարևորը՝ գոլային պահերն իրացրեցինք։ Ընդհանուր առմամբ, այն հանձնարարությունները, որոնք մեր աղջիկները պետք է կատարեին, կարծում եմ՝ որոշակի չափով ստացվեց։ Ուրախացնում է, որ գոլերից երկուսը գլխի հարվածով խփեցինք, քանի որ շատ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ, որ կարողանանք երկրորդ հարկում ավելի հաջող խաղալ։
Իհարկե, 4 թիմը բավականին քիչ է առաջնության համար։ Կուզենաինք, որ ավելի մեծ ուշադրություն դարձնեին կանանց ֆուտբոլին, որ առաջնության մակարդակն ավելի բարձրանար։
Ընթացիկ առաջնությունում ամենադժվար խաղն ըստ իս՝ Աշտարակում կայացած «Լ․ Արցախ-աղջիկների» դեմ հանդիպումն էր, քանի որ խաղադաշտն այնքան էլ լավ վիճակում չէր։
Չեմ ցանկանա մեր թիմից որևէ մեկին առանձնացնել։ Բոլոր ֆուտբոլիստուհիներն էլ լավ խաղ են ցուցադրում ու բոլորից գոհ եմ»։