Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրում «Փյունիկն» ընդունեց մրցաշարային աղյուսակի հետնապահ «Արարատին», որն ընթացիկ առաջնությունում դեռևս հաղթանակ չէր տարել։
Մեր թիմն, ընդհակառակն, առաջնության վերջին խաղերում լավ թափ էր հավաքել ու ընդհուպ մոտեցել առաջատարների խմբին։ Բնականաբար, այդ ամենը ստիպում էր Արտակ Օսեյանի թիմին անպայման հաղթանակ տանել հաշվետու խաղում և ամրապնդվել մրցաշարային աղյուսակի վերնամասում։
Առաջին կեսում մեր ֆուտբոլիստներին չէր հաջողվում գրոհներն արդյունավետ եզրափակել։ Հարկ է նշել, որ Մարիուս Նուբիսին այս անգամ չէր ընդգրկվել «Փյունիկի» մեկնարկային կազմում ու նրա փոխարեն որպես առաջ քաշված հարձակվող խաղում էր Գևորգ Տարախչյանն, իսկ Մատաս Վարեյկան և Խավի Մորենոն գործում էին եզրերից։
Երկրորդ կեսում Արտակ Օսեյանն ասպարեզ դուրս բերեց Մարիուս Նուբիսիին և այդ փոփոխությունը տվեց իր արդյունքը։ 66-րդ րոպեին մեր թիմի սերբ կիսապաշտպան Սեադ Իսլամովիչը ոսկերչական փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Նուբիսիին և կամերունցի ֆուտբոլիստն առաջ պոկվելով մրցակցի պաշտպանից, դիպուկ հարվածով գրավեց «Արարատի» դարպասը՝ 1։0։
Իսկ ավելացված ժամանակի 3-րդ րոպեին մեր թիմի արագ հակագրոհի արդյունքում, Մարիուս Նուբիսին ստանալով գնդակը Դանիել Աղբալյանից, գրեթե դաշտի կենտրոնից գնդակն ուղարկեց արարատցիների դարպասն ու ամրագրեց մեր թիմի հաղթանակը՝ 2։0։
Ընդ որում, խաղավարտից վայրկյաններ առաջ Նուբիսին կարող էր նաև հեթ-տրիկ ձևակերպել, սակայն նրա գլխով կատարած հարվածից հետո «Արարատի» դարպասապահ Ադել Անզիմատի Աբուդուն փրկեց իր թիմին վերահաս գոլից։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 29 միավոր և ձմեռային դադարի գնաց տեղ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում։