«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը ծավալուն հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը՝ ամփոփելով թիմի մեկամսյա ուսումնամարզական հավաքը, ինչպես նաև խոսել թիմի ներկայիս վիճակի, նորեկների և այլ թեմաների մասին․
«Նախ պետք է ասել, որ ձմեռային նախապատրաստական շրջանն ամենաերկարատևն է և հիմնական աշխատանքը այդտեղ պետք է կատարվի։ Ինչ վերաբերում է ուսումնամարզական հավաքին, ապա մենք այն երկու մասին էինք բաժանել․ հիմնական և ընդհանուր նպատակն էր՝ թիմի ֆիզպատրաստության վիճակի և տեխնիկատակտիկական ասպեկտի մակարդակի բարելավումը, խաղային տարբեր սխեմաների օգտագործումը, և, իհարկե նորեկներ ունեինք, ովքեր պետք է ինտեգրվեին մեր թիմի խաղային մոդելի մեջ։
Բայց դրա հետ մեկտեղ ունեինք նաև կոնկրետ աշխատանք՝ խաղային իրավիճակների հետ կապված, մասնավորապես ֆուտբոլիստների հետ անհատական աշխատանք ենք կատարել, նրանց դիրքերի և դրանց մեջ ներառված առաջադրանքների փոփոխության առումով։
Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել՝ հավաքը ծառայեց իր նպատակին, բայց, բնականաբար, մարզիչը երբեք բավարարված չի լինում»։