Ձմեռային դադարից հետո վերսկսվեց նաև Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. առաջնությունը։ Նախորդ՝ 16-րդ տուրի հանդիպումները հետաձգվել էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, այդ թվում՝ «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» մրցավեճը, սակայն 17-րդ տուրի բոլոր հանդիպումները կայացան ըստ նախատեսվածի։
Տուրի վերջին խաղում «Փյունիկը» դաշտի տիրոջ կարգավիճակով Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ընդունել էր Գյումրիի «Շիրակին»։
Խաղը շատ հաջող դասավորվեց մեր թիմի համար․ արդեն 7-րդ րոպեին «Փյունիկի» նորեկ Մոմո Յանսանեն հուժկու հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ՝ բացելով իր գոլերի հաշիվը Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում։
«Փյունիկն» ուներ բացահայտ առավելություն և խաղն ընթանում էր մեր թիմի գրոհների նշանաբանով։ 39-րդ րոպեին Մոմո Յանսանեն օգտվելով մրցակցի պաշտպանների սխալից, կարողացավ կրկնապատկել հաշիվն ու առաջնությունում անցկացրած իր առաջին խաղում դուբլ գրանցեց՝ 2։0։
Երկրորդ կեսում ևս խաղի պատկերը չփոխվեց և «Փյունիկը» տիրում էր նախաձեռնությանը։ 63-րդ րոպեին մեր թիմի ավագ Էդգար Մալաքյանին հաջողվեց երրորդ գնդակն ուղարկել գյումրեցիների դարպասն ու ձևակերպել վերջնական հաշիվը՝ 3։0։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 32 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական՝ ընդհուպ մոտենալով նաև միանձնյա առաջատար «Արարատ-Արմենիային»։
Մեր թիմն իր հաջորդ խաղը կանցկացնի մարտի 15-ին՝ Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրի կենտրոնական խաղում հյուրընկալելով մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում ընթացող «Ալաշկերտին»։