Հայաստանի Գավաթի 2025/26 թթ․ խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Փյունիկը» Աբովյանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալվեց գործող չեմպիոն ու գավաթակիր «Նոային»։
Թիմերը միջև գավաթային առաջին խաղում «Նոային» հաջողվել էր 2։1 հաշվով հաղթանակ տանել, սակայն ինչպես այդ հանդիպումից հետո նշել էր մեր թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը՝ դա միայն դիմակայության առաջին մասն էր, և «Փյունիկն» ի զորու է հակառակորդի այդ փոքր առավելությունը չեզոքացնել։
Եվ իրոք, պատասխան խաղի առաջին կեսում մեր թիմին հաջողվեց հավասարեցնել դիմակայության ընդհանուր հաշիվը, չնայած «Փյունիկն» առաջինը գոլ բաց թողեց․ 31-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Արամ Խամոյանը՝ 1։0։
Սակայն րոպեներ անց Գևորգ Տարախչյանի փոխանցումից հետո մեր թիմի ավագ Ալեքսանդր Միլկովիչը մրցակցի տուգանային հրապարակում առաջինն արձագանքեց ու գնդակն ուղարկեց «Նոայի» դարպասը՝ 1։1։
Իսկ ահա առաջին կեսին ավելացված 6-րդ րոպեին փայլատակեց Կառլեն Հովհաննիսյանն, ով հեռահար թնդանոթային հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ՝ առաջ մղելով մեր թիմին ու հավասարեցնելով դիմակայության ընդհանուր հաշիվը։ Ի դեպ, դա Կառլենի առաջին գոլն էր «Փյունիկի» կազմում։
Ցավոք, 86-րդ րոպեին «Նոայի» ձեռնարած արագ հակագրոհի արդյունքում, փոխարինման մտած Մարին Յակոլիշը ձախ թևից ներխուժելով մեր թիմի տուգանային հրապարակ, ոչ ուժեղ հարվածով գնդակն ուղարկեց Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասն ու հաշիվը դարձրեց 2։2, որը լիովին բավարարում էր դաշտի տերերին։
Այդուհանդերձ, խաղի ավելացված վերջին վայրկյաններին «Փյունիկը» ողջ թիմով նետվեց առաջ՝ խփելու իրեն անհրաժեշտ գոլը, և ավելին՝ շատ մոտ էր կրկին առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն Խավի Մորենոյի հարվածից հետո գնդակը միայն հրաշքով չհայտնվեց «Նոայի» դարպասում։ Արձանագրվեց ոչ-ոքի՝ 2։2։
«Փյունիկը» ցավալիորեն դուրս մնաց Գավաթի խաղարկությունից և այժմ ամբողջ ուժերը կկենտրոնացնի առաջնության մնացած հանդիպումների վրա։