0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» անսպասելի սայթաքումը

Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 22-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվեց մրցաշարային աղյուսակի հետնապահ «Արարատին», որը մինչ հաշվետու մրցավեճն առաջնությունում անցկացրած 21 խաղում ընդամենը 1 հաղթանակ էր տարել։

Արդեն առաջին կեսում մեր թիմը հրաշալի հնարավորություն ստացավ բացելու խաղի հաշիվը․ «Արարատի» ֆուտբոլիստ Մալիկ Ազիզը խախտեց խաղի կանոններն Էրիկ Օկանսիի հետ պայքարում և մրցավարն առանց վարանելու ցույց տվեց 11-մետրանոց նշակետը։ Գնդակին մոտեցավ Էդգար Մալաքյանն, ով, ցավոք, բարձր հարվածեց։

Ընդմիջումից հետո մեր թիմի առավելությունը բացահայտ դարձավ ու գրոհները հաջորդում էին մեկը մյուսին։ «Արարատի» դարպասը գրավելու իրական պահեր ունեցան Դանիիլ Կուլիկովը, Խավի Մորենոն, Մոմո Յանսանեն, Էրիկ Օկանսին, Լուկաս Վիլելան և Մարիուս Նուբիսին։ «Փյունիկն» այս խաղում կարող էր հաղթել առնվազն 2-3 գոլի տարբերությամբ, սակայն բախտը կարծես երես էր թեքել մեր թիմից։

Ինչպես հաճախ է պատահում ֆուտբոլում, մեր թիմը պատժվեց չիրացրած պահերի համար։ Խաղի ավելացված ժամանակի 4-րդ րոպեին «Արարատի» ձեռնարկած արագ հակագրոհի արդյունքում, Կալիֆալա Դումբիան երկար ուղերթով մոտեցավ «Փյունիկի» տուգանային հրապարակին, մեկ շարժումով կարողացավ ապակողմնորոշել Ալեքսանդր Միլկովիչին և Ֆիլիպե Ալմեյդային ու վարպետորեն գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը՝ 1։0։ Դա սառը ցնցուղ էր մեր թիմի համար։

«Փյունիկը» հուսահատորեն նետվեց առաջ խաղը փրկելու, սակայն մեր թիմին այլևս խաղաժամանակը չբավականացրեց ու հանդիպումն ավարտվեց «Արարատի» անակնկալ հաղթանակով։ Այդպիսով, մեր թիմն առաջնության վճռական հատվածում անսպասելի պարտություն կրեց, որը կարող է հետագայում ճակատագրական լինել։

Հաջորդ տուրում՝ ապրիլի 23-ին, «Փյունիկը» տանը կընդունի առաջատարներից մեկին՝ «Ուրարտուին»։

Վերջին նորություններ