0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ Ակադեմիան» կամային հաղթանակ տարավ

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 25-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» տանն ընդունեց մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը զբաղեցնող «Հայքին»:

Առաջին կեսից հետո հյուրերն առջևում էին 2։0 հաշվով․ նախ 6-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ Էրիկ Ազիզյանն, ապա մինչև ընդմիջման գնալը «Հայքը» ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Վիլիամս Իպեյեն։

Թվում էր՝ «Հայքին» կհաջողվի այս խաղում հաղթական տանել, սակայն խաղավարտից 5 րոպե առաջ մեր ֆուտբոլիստները կամային բարձր հատկանիշներ դրսևորելով, կարողացան շրջել հանդիպման ընթացքը։

85-րդ րոպեին Աշոտ Գրիգորյանի հաշվենկատ փոխանցումից հետո Արամ Հովսեփյանը գլխի հարվածով կրճատեց հաշվի տարբերությունն, իսկ 2 րոպե անց՝ Վարդան Մելիքյանը գնդակը փոխանցեց Վալերի Համբարձումյանին, ով էլ մոտ տարածությունից ուժեղ հարվածով հաշիվը դարձրեց 2։2։

Մեր ֆուտբոլիստները ոգևորության ալիքի վրա նետվեցին առաջ ու խաղի ավելացված ժամանակի երկրորդ րոպեին կարողացան նաև հաղթանակ կորզել այս խաղում։ Վարդան Մելիքյանը սեփական կիսադաշտից շարժվելով առաջ, կարողացավ ձերբազատվել մրցակցի երկու ֆուտբոլիստներից ու հրաշալի փոխանցումով մեն-մենակ դուրս բերեց Տիգրան Գևորգյանին, իսկ վերջինս էլ շրջանցելով դարպասապահին, գնդակն ուղարկեց դատարկ դարպասը՝ 3։2։

Այս հաղթանակից հետո «Փյունիկից Ակադեմիան» վաստակեց 32 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը։ Մեր թիմն իր հաջորդ խաղը կանցկացնի ապրիլի 28-ին՝ մրցակցի հարկի տակ ուժերը չափելով «Արարատ-Արմենիա-2»-ի հետ։

Վերջին նորություններ