0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» հաղթեց երևանյան դերբիում

Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 23-րդ տուրում «Փյունիկն» ընդունեց «Ուրարտուին»։

Հենց խաղասկզբից մեր թիմը հասկացնել տվեց, որ մարտականորեն է տրամադրված, առավել ևս նախորդ տուրում «Արարատից» կրած դառը պարտությունից հետո «Փյունիկն» այլևս նահանջելու տեղ չուներ։

Արդեն 4-րդ րոպեին Դանիիլ Կուլիկովը սեփական կիսադաշտից երկար ու հաշվենկատ փոխանցումով մեն-մենակ դուրս բերեց Էրիկ Օկանսիին, վերջինս կարող էր անձամբ եզրափակել գրոհը, սակայն գնդակը փոխանցեց ավելի լավ դիրքում գտնվող Մոմո Յանսանեին, ով էլ գրավեց դատարկ դարպասը՝ 1։0։

Խփած գոլից հետո մեր թիմը շարունակում էր անդադար գրոհել ու դրվագներից մեկում գնդակը հետ մղվեց «Ուրարտուի» հորիզոնական դարպասաձողից։

Առաջին կեսի միջնամասում Բրունո Միշելը ներխուժեց մեր թիմի տուգանային հրապարակ և Միխայիլ Կովալենկոյի հետ պայքարում վայր ընկավ ու մրցավար Արտեմ Գասպարյանը վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ցույց տվեց մեր ֆուտբոլիստին ու նշանակեց 11-մետրանոց հարված, սակայն VAR-ի կրկնապատկերը դիտելուց հետո չեղարկեց իր որոշումը։

Ընդմիջումից հետո էլ «Փյունիկն» ուներ շոշափելի առավելություն, և եթե չլիներ մրցակցի դարպասապահ Անդրիյա Դրագոևիչի անձնուրաց խաղն, ապա հաշիվը կարող էր խոշոր լինել։

Այնուամենայնիվ, 64-րդ րոպեին մեր թիմին հաջողվեց կրկնապատկել հաշիվը․ Դանիիլ Կուլիկովն անկյունայինից գնդակը կախեց «Ուրարտուի» տուգանային հրապարակ և Սերգեյ Վակուլենկոն գլխի հարվածով հաշիվը դարձրեց 2։0։ Ի դեպ, ուկրաինացի պաշտպանը գոլի հեղինակ էր դարձել նաև թիմերի նախորդ հանդիպման ժամանակ՝ կրկին դարպասը գրավելով գլխի հարվածով։

Խաղի ավելացված ժամանակում «Ուրարտուին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը․ նշանակված 11-մետրանոց հարվածը հստակ իրացրեց Նիկոլաս Կալուկյանը։

«Փյունիկը» 2։1 հաշվով կարևոր հաղթանակ տարավ ու շարունակում է մնալ չեմպիոնական մրցավազքում։

Արտակ Օսեյանի թիմն իր հաջորդ խաղը կանցկացնի մայիսի 3-ին՝ Աբովյանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալվելով գործող չեմպիոն «Նոային»։

Վերջին նորություններ