0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Նոայի» հետ

Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 24-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում «Փյունիկն» Աբովյանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալվեց գործող չեմպիոն «Նոային»։

Խաղի կարևորությունը երկու կողմերի համար էլ անչափ մեծ էր, քանի որ չեմպիոնական պայքարում յուրաքանչյուր միավորի կորուստը կարող էր թանկ արժենալ։

Արդեն խաղի մեկնարկում դաշտի տերերը լավ հնարավորություն ունեին բացելու խաղի հաշիվը, երբ Մարին Յակոլիշի իրացրած անկյունայինից հետո, հսկողությունից դուրս մնացած Հելդեր Ֆերեյրայի հարվածը կարողացավ փակել Դանիիլ Կուլիկովը։

Րոպեներ անց Մոմո Յանսանեն մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ ու սուր անկյունից նրա կատարած հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին, թեպետ մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ։ Այնուհետև Խավի Մորենոն փորձեց խաղն իր վրա վերցնել, մոտեցավ «Նոայի» տուգանային հրապարակին ու նրա հարվածից հետո Կոնեգլյանն իր տեղում էր։

23-րդ րոպեին Դավիդ Սուալեհեն ձախ թևից գնդակը փոխանցեց մեր թիմի տուգանային հրապարակ, որտեղ Նարդին Մուլահուսեյնովիչը կրնկով գնդակը փոխանցեց մի փոքր հետ ու գրոհին միացած Հովհաննես Համբարձումյանի հարվածը քիչ մնաց գոլով ավարտվեր։ Ընդամենը մեկ րոպե անց նույն Սուալեհեի փոխանցումից հետո արդեն Նարդին Մուլահուսեյնովիչի գլխով կատարած հարվածը, բարեբախտաբար, մի փոքր շեղ ընթացավ։

35-րդ րոպեին արդեն բախտը ժպտաց «Նոային»․ Միխայիլ Կովալենկոն գնդակը ստանալով Էրիկ Օկանսիից, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ ու «ռաբոնա» ոճով գեղեցիկ փոխանցում կատարեց Մոմո Յանսանեին, սակայն վերջինս հարվածեց ուղիղ դարպասապահի վրա ու գնդակը հրաշքով չհայտնվեց դարպասում։ Անկասկած, դա մեր թիմի ամենալավ հնարավորությունն էր այս խաղում։

54-րդ րոպեին «Նոայի» կիսապաշտպան Արամ Խամոյանին հաջողվեց դիպուկ հարվածով գրավել մեր թիմի դարպասը, սակայն մրցավար Հենրիկ Նալբանդյանը տեսակրկնապատկերը դիտելուց հետո չեղարկեց գոլը, քանի որ դրանից առաջ Գուստավո Սանգարեն կանոնները խախտել էր Սերգեյ Վակուլենկոյի դեմ, ով վնասվածքի պատճառով ստիպված թողեց ասպարեզը։

Խաղավարտից 2 րոպե առաջ փոխարինման մտած Մաթեուս Այասը հիանալի հնարավորություն ուներ գրավելու մեր թիմի դարպասը, բայց մոտ տարածությունից նրա կրնկով հարվածից հետո գնդակի ճանապարհին կանգնեց Հենրի Ավագյանը՝ փրկելով «Փյունիկին» վերահաս գոլից։

Թիմերն այդպես էլ չպարզեցին հաղթողին ու գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0։ Այս արդյունքից ամենաշատն օգտվեց առաջնության առաջատար «Արարատ-Արմենիան», որը տուրի զուգահեռ խաղում մրցակցի հարկի տակ 2։0 հաշվով հաղթելով «Ուրարտուին», կարողացավ ամրապնդվել առաջին տեղում։

Ընդ որում, ընդամենը երկու օրից՝ մայիսի 6-ին, «Փյունիկն» առաջնության 16-րդ տուրից հետաձգված խաղում մրցելու հենց «Արարատ-Արմենիայի» հետ։

Վերջին նորություններ