0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» կարևոր 3 միավոր վաստակեց ԲԿՄԱ-ի հետ խաղում

Fastex Պրեմիեր լիգայի առաջնության 25-րդ տուրում «Փյունիկն» Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ընդունեց ԲԿՄԱ-ին։

Մեր թիմն առաջնության նախորդ խաղում «Արարատ-Արմենիայից» կրած ցավալի պարտությունից հետո, բարդացրել էր չեմպիոն դառնալու իր հնարավորություններն ու առաջնության մնացած 4 խաղերում այլևս սայթաքելու իրավունք չուներ։

Խաղի առաջին 25 րոպեներին ավելի լավ տեսք ունեին բանակայիններն, ովքեր առնվազն 3 անգամ կարող էին բացել խաղի հաշիվը։ Հիանալի պահերից չօգտվեցին Գոռ Առաքելյանը, Դավիթ Հարությունյանը և Պետրոս Ալեքյանը։

31-րդ րոպեին արդեն մեր թիմը չօգտագործեց նպաստավոր պահը, երբ Գևորգ Տարախչյանի գլխի հարվածից հետո գնդակը հրաշքով չհայտնվեց դարպասում։ Ընդամենը 3 րոպե անց Լուկաս Վիլելան կարող էր գոլի հեղինակ դառնալ, եթե չլիներ ԲԿՄԱ-ի դարպասապահ Դավիթ Դավթյանի հուսալի խաղը։

Բայցևայնպես, մինչև ընդմիջման գնալը «Փյունիկին» հաջողվեց հայտնվել հաղթողի դերում։ Բանակայինների ավագ Արգիշտի Պետրոսյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Սերգեյ Վակուլենկոյի դեմ ու մրցավար Աշոտ Ղալթախչյանը տեսակրկնապատկերը դիտելուց հետո նշանակեց 11-մետրանոց հարված։ Այն հստակ իրացրեց Մարիուս Նուբիսին՝ խփելով իր 7-րդ գոլն ընթացիկ առաջնությունում՝ 1։0։

Երկրորդ կեսում մեր թիմն ավելի վստահ հանդես եկավ ու կարողացավ նախաձեռնությունը վերցնել իր կողմը։ 70-րդ րոպեին Էդգար Մալաքյանի իրացրած տուգանայինից հետո Ալեմաոն քիչ մնաց գլխի հարվածով երկրորդ գնդակն ուղարկեր ԲԿՄԱ-ի դարպասը, սակայն մրցակցին օգնության հասավ հորիզոնական դարպասաձողը։

Այնուամենայնիվ, խաղավարտից 2 րոպե առաջ «Փյունիկն» այս խաղում վաստակեց երկրորդ 11-մետրանոց հարվածը, երբ բանակայինների տուգանային հրապարակում վայր գցեցին փոխարինման մտած Մոմո Յանսանեին։ Հենց տուժողն էլ մոտեցավ գնդակին ու դիպուկ հարվածով ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 2։0։

Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» վաստակեց 48 միավոր ու բարձրացավ 2-րդ տեղ։ Մեր թիմն իր հաջորդ խաղը կանցկացնի մայիսի 18-ին՝ մրցակցի դաշտում ուժերը չափելով «Գանձասարի» հետ։

Վերջին նորություններ