ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ. խաղարկության որակավորման երկրորդ փուլի՝ հունգարական «Դեբրեցենի» դեմ պատասխան խաղից առաջ կայացավ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի և թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
Հովհաննես Հարությունյանը նշեց, որ շատ ուրախ է հարազատ ակումբ վերադառնալու համար, ու լրջորեն են պատրաստվել «Դեբրեցենի» դեմ պատասխան խաղին․
«Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ հարազատ ակումբ։ Ամբողջ թիմն ինձ շատ ջերմ ընդունեց, ու տպավորությունները միայն դրական են։ Ամեն ինչ պետք է անեմ, որ իմ խաղով այդ ամենը փոխհատուցեմ։
Ճիշտն ասած, արդեն մոռացել ենք «Դեբրեցենի» դեմ առաջին հանդիպումը։ Շատ լավ ենք պատրաստվել այս խաղին, ու բոլորս էլ հավատում ենք, որ կարող ենք անցնել հաջորդ փուլ»։
Արտակ Օսեյանի կարծիքով՝ Հունգարիայում մեր թիմն ամենևին արժանի չէր պարտության, ու միակ բանը, որ մեզ չբավականացրեց, եզրափակիչ հարվածն էր․
«Ինչպես արդեն նշել եմ առաջին հանդիպումից հետո, դա այն խաղերից էր, որտեղ, միանշանակ, արժանի չէինք պարտության։ Իհարկե, ցավալի պարտություն էր, բայց կարող եմ ասել, որ մեր խաղի որակը մեզ թույլ է տալիս մտածել, որ մենք ի զորու ենք անցնել այս մրցակցին։
Ինչ վերաբերում է էմոցիաներին՝ այո՛, կարծում եմ՝ լիովին վերականգնվել ենք և լիարժեք կերպով պատրաստ ենք վաղը պայքարելու հաջորդ փուլ անցնելու համար։
Անշուշտ, մեզ համար ցավալի է, որ Արտակ Դաշյանը բաց է թողնելու վաղվա խաղը։ Եվ ամենայն հավանակությամբ, դեռ երկու շաբաթ կպահանջվի նրան վերականգնվելու համար։
Միանշանակ, թիմն առջևի գծում ավելացնելու տեղ ունի՝ նաև հաշվի առնելով առաջին խաղում գրանցված արդյունքը։ Բայց առաջին հերթին մենք պետք է խելամիտ խաղանք՝ փակենք մրցակցի ուժեղ կողմերը, հետո օգտվենք նրանց թույլ կողմերից։ Դրա համար պետք է շատ խելացի ու բալանսավորված գործենք վաղվա խաղում»։