Մեկնարկեց Հայաստանի Առաջին խմբի 2026/27 մրցաշրջանի առաջնությունը։
«Փյունիկ Ակադեմիան», որի ղեկն օրերս ստանձնեց մարզիչ Ստեփան Հարությունյանը, մեկնարկային տուրում ուժերը չափեց «Արարատ-Արմենիա-2»-ի հետ։
Խաղասկզբում մեր թիմի ավագ Վալերի Համբարձումյանի խփած միակ գոլը վճռեց հանդիպման ելքն ու 1:0 հաշվով հաղթանակ պարգևեց «Փյունիկ Ակադեմիային»։
Նշենք, որ այս խաղում մեր թիմի կազմում իրենց նորամուտը նշեցին դարպասապահ Սամսոն Հակոբյանը, պաշտպան Նարեկ Բադալյանն ու կիսապաշտպան Նարեկ Հակոբյանը։ Ընդ որում, իրեն լավագույն կողմերով դրսևորեց հատկապես Սամսոն Հակոբյանը, որը մի քանի դրվագում թիմին փրկեց վերահաս գոլից։
«Փյունիկ Ակադեմիան» իր հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 10-ին՝ առաջնության 2-րդ տուրում հյուրընկալվելով «Միկային»։