Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության երկրորդ տուրում «Վանի» նկատմամբ տարած վստահ (3։0) հաղթանակից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն իր գնահատականը տվեց խաղի մասին, ինչպես նաև խոսեց Կառլեն Հովհաննիսյանի առաջընթացի, հարձակման գծում սուր մրցակցության և թիմի առջև դրված խնդիրների մասին․
«Կարծում եմ՝ այսօր բավական լավ մակարդակի ֆուտբոլ խաղացինք ու տրամաբանորեն հաղթեցինք։
Ճիշտն ասած, քանի որ վերադարձել էինք նախկին խաղային սխեմային, որոշակի դետալներ կային, որոնք չբավականացրին, ինչը բնական է։ Բայց դա նորմալ եմ համարում. մենք կշարունակենք աշխատել, որպեսզի լավացնենք խաղը։
Կառլեն Հովհաննիսյանի՝ ավելի ուժեղ առաջնությունում հանդես գալու հեռանկարների վերաբերյալ նախ ասեմ, որ շատ ուրախ եմ Կառլենի համար, նրա առաջընթացի համար։ Իհարկե, ես էլ կողմնակից եմ, որ վաղ թե ուշ նա տեղափոխվի ավելի ուժեղ առաջնություն և հանդես գա ավելի ուժեղ թիմում, որովհետև ինքն ամեն օր դա ապացուցում է։ Բայց ժամանակի առումով կարծում եմ, որ դեռևս պետք չէ շտապել, որովհետև այն թիմը, որն առաջարկ կանի, նախևառաջ պետք է համապատասխանի իրեն։ Համենայնդեպս, ճգնաժամային չի լինի, եթե նա այս մրցաշրջանում նույնպես խաղա Հայաստանում։ Ես այդպես եմ գտնում։
Այս մրցաշրջանում մենք ունենք նույն առաջադրանքները՝ մաքսիմում և մինիմում։ Բայց կոնկրետ ես՝ որպես մարզիչ, թիմին էլ եմ ասել, ու ինքս ինձնից էլ եմ պահանջում՝ առավելագույնս պայքարել Հայաստանում բոլոր տիտղոսների համար»։