Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 5-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիայի» նկատմամբ տարած (2։1) հաղթանակից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն ամփոփեց խաղը, ինչպես նաև խոսեց Մոմո Յանսանեի՝ թիմից հեռանալու ու Հովհաննես Հարությունյանի մարզավիճակի մասին․
«Ինչպես և սպասում էինք, շատ բարդ հանդիպում էր։ Չմոռանանք, որ խաղում էինք գործող չեմպիոնի դեմ, ու բնական է՝ այդպես էլ պետք է լիներ։
Բայց փառք ու պատիվ մեր տղաներին. այսօր մենթալ առումով շատ մեծ աշխատանք կատարեցին, տակտիկապես բավական գրագետ էինք խաղում, ու տրամաբանական եմ համարում մեր հաղթանակը։
Երկրորդ կեսում, առաջին հերթին, մրցակիցը մեզ ստիպեց հետ քաշվել։ Մենք չէինք պլանավորել, որ պետք է այդքան նահանջենք պաշտպանություն։ Իհարկե, մտածում էինք, որ ավելի հետ կքաշվենք՝ միջին բլոկով պաշտպանվելու, բայց, կարելի է ասել, գրեթե ամբողջ երկրորդ խաղակեսը պաշտպանությունը կառուցեցինք խորքից։
Ինչպե՞ս կմեկնաբանեմ Մոմո Յանսանեի՝ թիմից հեռանալը։ Կարող եմ ասել, որ իր խաղի հետ կապված չէ․ դա կարգապահական պատճառ ունի։
Հովհաննես Հարությունյանը բավական քաշ է գցել, բայց դեռ պետք է շարունակի բարելավել իր ֆիզիկական պատրաստությունը։ Եթե համեմատենք նախորդ խաղերի հետ, նա խաղից խաղ ավելացնում է։ Ես շատ գոհ եմ այդ առաջընթացից, բայց սա նրա առավելագույնը չէ, ու դեռ ավելացնելու շատ տեղ ունի։ Ինչպես նախորդ անգամ նշել եմ, նա մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, ու այսօր այդ ամենը ցույց տվեց խաղադաշտում»։