Դմիտրի Գունկո. «Կարող էինք խփել երկրորդ գոլն ու վճռել խաղի ելքը»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի՝ «Նոայի» դեմ (1:1) խաղից հետո մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն ամփոփեց հանդիպումն ու պատասխանեց լրագրողների հարցերին։

«Ինչ խոսք, ծանր խաղ էր։ Կարծում եմ, որ մենք հենց այսպիսի մրցավեճ էլ պատկերացնում էինք։ Մեր ֆուտբոլիստները շատ մեծ աշխատանք կատարեցին մրցակցին ուսումնասիրելու և նրանց ուժեղ կողմերը չեզոքացնելու ուղղությամբ։ Կարող եմ ասել, որ մեր պլանն աշխատեց։

Առաջին կեսում մեր դարպասի ուղղությամբ թույլ տվեցինք երկու եզրային փոխանցում և մեկ գլխի հարված դարպասին, որը վտանգավոր պահ էր։ Եվ երկրորդ պահը եղավ ընդմիջումից հետո, որը, ցավոք, ավարտվեց գոլով․ ինչն, անկասկած, Լազետիչի վարպետության արդյունքն էր։ Համենայն դեպս, մեր դարպասի մոտ այլ վտանգավոր պահ ես չեմ հիշում, չնայած որ մրցակցի կողմից կար որոշակի ճնշում։

Պետք է ասեմ, որ մրցակցի պատասխան գոլից առաջ մենք կարող էինք վճռել խաղի ելքը. եթե Պիկիսն այդ դրվագում ավելի թիմային գործեր, ապա հաշիվը կդառնար 2։0, ու այդ դեպքում, կարծում եմ, որ մենք խաղը կտանեինք հաղթական ավարտի։ Ցավոք, հենց այդ չիրացրած պահից անմիջապես հետո մենք գոլ ընդունեցինք։

Դավիթ Հակոբյանի հաջող ելույթնե՞րը․․․ Երբ եկա «Փյունիկ», տեղեկացա, որ Դավիթ Հակոբյանը մեր թիմի կազմում է։ Ես նրան ցանկանում էի իմ թիմում տեսնել, երբ դեռևս գլխավորում էի «Ուրարտուն»։ Այդ պատճառով ուրախացա և հարցրեցի, թե որտե՞ղ է հիմա, ու ինձ ասացին, որ նա այդ պահին Հայաստանի երիտասարդական հավաքականի տրամադրության տակ է։ Մենք ներկա գտնվեցինք Հայաստանի և Իտալիայի երիտասարդական հավաքականների միջև խաղին։ Կարող եմ ասել, որ նա հրաշալի խաղ անցկացրեց, ու տեղեկացա, որ դա նրա միայն երկրորդ խաղն էր երկար դադարից հետո։ Ասացի՝ խնդիր չկա, այսուհետ նա մշտապես կխաղա, և ընդգրկեցի նրան մեկնարկային կազմում»։

Վերջին նորություններ