Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի վերջին խաղում Աբովյանում մրցեցին «Նոան» և «Փյունիկը»: Անկասկած, դա առաջնության կենտրոնական հանդիպումներից մեկն էր։
«Նոան», որն առաջնության 9 խաղից հետո տարել էր նույնքան հաղթանակ ու վստահորեն գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, հաղթանակի դեպքում «Փյունիկի» նկատմամբ միավորների տարբերությունը կհասցներ 9-ի, ինչը գործնականում մեր թիմի համար հետագայում շատ դժվար կլիներ հետ բերել։ Իսկ ահա «Փյունիկի» հաղթանակի պարագայում մեր թիմը 3 միավորով հետ կմնար առաջատարից։ Ասել է թե՝ երկու կողմերի համար էլ այս խաղի արժեքը մեծ էր։
Նախորդ հանդիպման համեմատ Դմիտրի Գունկոն «Փյունիկի» մեկնարկային կազմում կատարել էր ընդամենը մեկ փոփոխություն․ Վիտիի փոխարեն մեկնարկային րոպեներից ասպարեզ էր դուրս եկել Արտակ Դաշյանը։
Հաշվետու խաղում առաջին պահը ստեղծեցին դաշտի տերերը․ Դավիդ Սուալեհեի՝ տուգանայինից կատարած հարվածն ընթացավ ուղիղ Հենրի Ավագյանի վրա։
Այնուհետև «Նոայի» ռումինացի ֆուտբոլիստ Վալենտին Կոստակեն ընդամենը մեկ րոպեի ընթացքում երկու անգամ կարող էր գրավել «Փյունիկի» դարպասը, սակայն երկու դեպքում էլ հրաշալի խաղաց մեր թիմի դարպասապահ Հենրի Ավագյանը։
«Փյունիկն» առաջին հարվածը «Նոայի» դարպասին կատարեց 20-րդ րոպեին, երբ Գևորգ Տարախչյանը հեռու տարածությունից ստուգեց Արթուր Կոնեգլյանի զգոնությունը։
Իսկ ահա 31-րդ րոպեին, ի ուրախություն մեր թիմի, «Փյունիկին» հաջողվեց բացել խաղի հաշիվը։ Խամես Սանթոսը ձախ եզրից հաշվենկատ փոխանցում կատարեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ, և Դանիիլ Կուլիկովը մեկ հպումով գնդակն ուղարկեց «Նոայի» դարպասը՝ 1։0։ Ավելորդ չէ նշել, որ 28-ամյա կիսապաշտպանը 5-րդ խաղն անընդմեջ աչքի ընկավ արդյունավետ գործողությամբ։
Ընդմիջումից հետո մեր թիմը հիանալի հնարավորություն ստացավ կրկնապատկելու հաշիվը․ Դավիթ Հակոբյանը դաշտի կենտրոնում գտավ Յասոնաս Պիկիսին, վերջինս, շարժվելով առաջ, շրջանցեց Դավիդ Սուալեհեին և կարող էր գնդակը փոխանցել Գևորգ Տարախչյանին կամ Արտակ Դաշյանին, որոնք ավելի լավ դիրքում էին գտնվում, սակայն կիպրոսցի հարձակվողը փորձեց ինքնուրույն ավարտել գրոհն ու կորցրեց հրաշալի պահը։
Չիրացված հնարավորությունից վայրկյաններ անց «Նոան» կարողացավ պատժել մեր թիմին։ Դաշտի տերերի սերբ բարձրահասակ հարձակվող Մարկո Լազետիչը, «Փյունիկի» գտնվելով մեր մի քանի ֆուտբոլիստների շրջափակման մեջ, կարողացավ շրջվել ու միանգամից գնդակն ուղարկեց դեպի մեր թիմի դարպասի հեռավոր անկյունը՝ 1։1։ Ինչ խոսք, Լազետիչն այդ դրվագում կատարողական բարձր վարպետություն դրսևորեց, և Հենրի Ավագյանը միայն հայացքով ուղեկցեց գնդակը։
Հանդիպման մնացած ժամանակհատվածում «Նոան» կարող էր ևս երկու անգամ արդյունքի հասնել, սակայն մի դեպքում Հելդեր Ֆերեյրայի վտանգավոր հարվածից հետո գնդակի ճանապարհը փակեց «Փյունիկի» պաշտպան Նիկոլաոս Կայնուրգիոսը, իսկ մյուս դեպքում՝ Մարին Յակոլիշը փորձեց սուր անկյան տակ խորամանկ հարվածով գրավել դարպասը, սակայն Հենրի Ավագյանը կրկին իր բարձրության վրա էր։
Այդպիսով, առաջնության շրջանակում թիմերի երրորդ խաղն անընդմեջ ավարտվեց ոչ-ոքի (1:1), որը թերևս այս խաղի տրամաբանական ելքն էր։
«Նոան» վաստակած 28 միավորով պահպանեց առաջատարի դերը, իսկ «Փյունիկը» 22 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական, քանի որ տուրի մյուս խաղում «Արարատ-Արմենիան» նվազագույն (1:0) հաշվով հաղթելով ԲԿՄԱ-ին՝ մեկ միավորով շրջանցեց մեր թիմին։
Ավելացնենք, որ «Փյունիկն» իր հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 23-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով առաջնության հետնապահ «Գանձասարին», որով էլ կավարտի առաջին խաղաշրջանը։