Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում Չարենցավանի «Վանի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակից (3:0) հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն հետխաղյա հարցազրույցում իր կարծիքը հայտնեց խաղի վերաբերյալ, ինչպես նաև խոսեց Յասոնաս Պիկիսի՝ իր երկրի հավաքականից ստացած հրավերի մասին․
«Ես չէի ցանկանա առանձնացնել խաղերը՝ միջազգային խաղերից առաջ և հետո։ Ո՛չ, ոչ մի դեպքում․ մեզ համար ամեն խաղ իր պատմությունն ունի, ու մենք յուրաքանչյուր խաղում ձգտում ենք հաղթանակի հասնել։
Մեզնից այսօր երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի հարմարվենք այստեղի խոտածածկին, այդ պատճառով գնդակը շատ դանդաղ էր ընթանում, ու առաջին կեսում տղաները հաճախ էին սայթաքում։
Բայց երկրորդ կեսում անձրևն օգնեց, ու, մեծ հաշվով, թիմը սկսեց ավելի շատ վերահսկել գնդակը և կարողացանք բավականաչափ գոլային պահեր ստեղծել, ինչի արդյունքը եղավ առաջին կեսում վաստակած 11-մետրանոցն ու երկրորդ խաղակեսում խփված 2 գոլերը։
Յասոնաս Պիկիսի՝ Կիպրոսի հավաքականից հրավե՞րը․․․ Դե՛, մենք սպասում ենք, որ նա մեզ ռեստորան է տանելու այն բանից հետո, երբ մենք նրան պատրաստեցինք հավաքականի համար։ Բայց նաև հետաքրքիր կլինի հետևել նրա դիմակայությանը Հայաստանի հավաքականի դեմ, որը կայանալու է այստեղ։
Ինչ վերաբերում է միջազգային դադարին, ապա թիմն այս ընթացքում շարունակելու է նախապատրաստվել առաջնության մյուս հատվածին, որը բավականին բարդ է լինելու»։