0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Գանձասար-Կապան» - «Փյունիկ» խաղին ընդառաջ

17 սեպտեմբեր, 17:30, Երևան, Ավանի ֆուտբոլի ակադեմիա, 7-րդ տուր

Նախորդ տուրում «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում կրեց 3-րդ պարտությունը, որոնցից երկուսն ավարտվել են խոշոր հաշվով։ Այս անգամ մեր թիմը սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվեց «Ալաշկերտին»։

Նշենք, որ այս անգամ «Փյունիկը» դաշտից հեռացավ առանց խփած գոլի և այդպիսով ընդհատեց իր արդյունավետության ցուցանիշը, երբ առաջնության շրջանակներում կայացած վերջին 17 խաղերում անընդմեջ գրավել էր մրցակիցների դարպասը։

«Ալաշկերտի» դեմ խաղում մեր թիմի կազմում իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն, ով նաև իր առաջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի Բարձրագույն խմբում։

Մրցաշարային աղյուսակում «Փյունիկն» այս պահին ընթանում է իր համար անսովոր դիրքում՝ 7-րդ տեղում և 5 խաղերից հետո վաստակել է 6 միավոր։

Առաջիկա՝ 7-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվելու է «Գանձասար-Կապանին», որն այս առաջնությունում դեռևս հաղթանակ չի տարել՝ 6 խաղերում կրելով 2 պարտություն և 4 խաղ ավարտելով ոչ-ոքի։

Նախորդ առաջնությունում «Փյունիկի» և «Գանձասար-Կապանի» միջև կայացած 4 խաղերում կողմերը 2-ական հաղթանակ էին տարել միմյանց նկատմամբ։ Ընդ որում, և «Փյունիկը», և «Գանձասար-Կապանն» իրենց հաղթանակները տարել էին հյուրընկալվելիս։  

Ի դեպ, նախորդ առաջնության 4-րդ խաղաշրջանի հենց «Գանձասար-Կապանի» դեմ խաղում կայացավ Ալեքսանդր Տարխանովի մարզչական նորամուտը «Փյունիկում», երբ խաղի ավելացված ժամանակում Լասինա Դաոյի խփած միակ գոլը հաղթանակ բերեց մեր թիմին, իսկ դրանից հետո «Փյունիկը» ռուս մասնագետի գլխավորությամբ անպարտելի հանդիպումների շարք անցկացրեց։

Ավելացնենք, որ «Գանձասար-Կապանի» դեմ խաղը կայանալու է վաղը՝ սեպտեմբերի 17-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում և կսկսվի ժամը 17։30-ին։ Հանդիպումը կսպասարկի Սուրեն Բալիյանը։

Վերջին նորություններ