0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Նոա» խաղին ընդառաջ

22 սեպտեմբեր, 17:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 8-րդ տուր

«Ալաշկերտից» կրած ցավալի պարտությունից հետո, մեր թիմը արագորեն համախմբվեց և չնայած ունեցած կադրային կորուստներին՝ նախորդ տուրում կարողացավ հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել «Գանձասար-Կապանին»։

Կապանյան թիմի դեմ խաղում «Փյունիկում» իր գոլերի հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն, ով նաև իր անդրանիկ գոլը խփեց Բարձրագույն խմբում։

Իսկ Դենիս Մահմուդովը «Գանձասար-Կապանի» դեմ խաղում բացելով հանդիպման հաշիվը, ընթացիկ առաջնությունում խփեց իր 3-րդ գոլը և մեր թիմի ռմբարկուների պայքարում հավասարվեց Արտյոմ Սիմոնյանին, ով նույնպես դարձել է 3 գոլի հեղինակ։

Այս պահին «Փյունիկը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ տեղը և իր ակտիվում ունի 9 միավոր։

Ընթացիկ առաջնության առաջին խաղաշրջանի նախավերջին տուրում «Փյունիկն» ընդունելու է «Նոային», որը նախորդ առաջնությունում կրում էր «Արցախ» անվանումը և այս առաջնության նախաշեմին վերանվանվեց «Նոա»։

Ընդգծենք, որ «Նոան» (նախկին «Արցախ») նախորդ առաջնությունում «Շիրակի» հետ մեկտեղ՝ այն 2 թիմերից էր, որի հետ կայացած մրցավեճերում «Փյունիկն» անպարտելի էր: Կայացած 4 խաղերից 3-ում հաջողությունն ուղեկցել է մեր թիմին, իսկ մեկ հանդիպում էլ ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի:

Ի դեպ, հենց նախորդ առաջնությունում կայացած (0-0) խաղի երկրորդ կեսի դրվագներից մեկում, մրցակցի հետ բախման արդյունքում ծնոտի կոտրվածք ստացավ մեր թիմի ռուս դարպասապահ Եվգենի Կոբոզևն, ով շարքից դուրս մնաց երկար ժամանակով։

Հարկ է նշել, որ «Փյունիկը» կադրային խնդիրներով է մոտենում առաջիկա խաղին։ Դեռևս «Գանձասար-Կապանի» դեմ խաղից առաջ կայացած մարզումներից մեկի ժամանակ լուրջ վնասվածք է ստացել պաշտպան Անտոն Բելովը, ով առաջիկայում չի կարողանա օգնել մեր թիմին։ Վնասվածք ունի նաև աջ պաշտպան Անտոնիո Ստանկովը։ Վերջինս բուժման նպատակով մեկնել է Հոլանդիա։ Նախորդ հանդիպումը հիվանդության պատճառով բաց թողեց նաև հարձակող Արթուր Միրանյանը։

Ավելացնենք, որ «Փյունիկ» - «Նոա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ին՝ ժամը 17։30-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։

Վերջին նորություններ