0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» խաղին ընդառաջ

30 սեպտեմբեր, 19:00, Երևան, Ավանի ֆուտբոլի ակադեմիա, 9-րդ տուր

Բարձրագույն խմբի 1-ին տուրից հետաձգված խաղում «Փյունիկը» 3-1 հաշվով առավելության հասավ Վանաձորի «Լոռիի» նկատմամբ։ Մեր թիմը կարողացավ ընդհատել «Լոռիի» դեմ տնային խաղերում ունեցած տհաճ վիճակագրությունը, քանի որ նախորդ մրցաշրջանի տնային 3 խաղերում (ներառյալ՝ գավաթային հանդիպումը) պարտվել էր վանաձորյան թիմին։

«Լոռիի» դեմ խաղում մեր թիմի պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն իր անդրանիկ հանդիպումն անցկացրեց «Փյունիկի» կազմում և իր նորամուտը նշեց խփած գոլով։ «Փյունիկում» իր գոլերի հաշիվը բացեց նաև Սթիվեն Ալֆրեդը։

Ընդգծենք, որ մեր թիմի հարձակվող Արթուր Միրանյանն իր 4-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում և ստանձնեց «Փյունիկի» գլխավոր ռմբարկուի դերը։ Ընդհանուր առմամբ, դա Միրանյանի 10-րդ գոլն էր Բարձրագույն խմբի առաջնություններում։

Պետք է նշել, որ ընթացիկ առաջնությունում մեր թիմն առայժմ փոքր-ինչ անկայուն է հանդես գալիս՝ 8 խաղերում տանելով 4 հաղթանակ և կրելով նույնքան պարտություն։

Այս պահին «Փյունիկը» վաստակած 12 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը։

Առաջիկա տուրում, որով կավարտվի Բարձրագույն խմբի առաջին խաղաշրջանը, կկայանա տուրի կենտրոնական խաղը. մեր թիմը կհյուրընկալվի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»։

Դեռևս չի մոռացվել նախորդ առաջնության վերջնամասում «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» միջև անհաշտ պայքարը ոսկե մեդալների համար, երբ չեմպիոնի կոչման հանգուցալուծումը կայացավ միայն վերջին տուրում։

Իսկ մինչ այդ, մեր թիմը Վանաձորում մրցավարական կոպտագույն սխալի հետևանքով թանկարժեք 2 միավոր էր կորցրել, որը ճակատագրական դարձավ «Փյունիկի» համար և մրցաշարային աղյուսակի ամփոփիչ ցուցակում ընդամենը 1 միավորով հետ մնաց «Արարատ-Արմենիայից» ու զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից։

Նախորդ առաջնությունում երկու թիմերի միջև կայացած 4 խաղերում առավելությունը եղել է մեր թիմի կողմը. «Փյունիկը» մրցակցին հաղթել էր 2 անգամ, մեկ անգամ հաղթանակ էր տոնել «Արարատ-Արմենիան» և մեկ հանդիպում ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի։

Ընդ որում, նախորդ առաջնության իր առաջին խաղը մեր թիմն անցկացրեց հենց «Արարատ-Արմենիայի» հետ, երբ հանդես գալով ոչ իր հիմնական կազմով և առաջին կեսի միջնամասից խաղալով 10 հոգով, այդուհանդերձ «Փյունիկը» կարողացավ 3-1 հաշվով կամային հաղթանակ տանել:

Հատկապես հիշարժան էր 4-րդ խաղաշրջանի հանդիպումը, որում «Փյունիկը» չեմպիոնական մրցավազքի համար կարևոր խաղում հյուրընկալվելիս 4-1 հաշվով գերազանց հաղթանակ տարավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ և այդ խաղից հետո սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը։

Ընթացիկ առաջնությունում թիմերի միջև առաջին խաղը կկայանա սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19։00-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։ Խաղը կսպասարկի Հենրիկ Նալբանդյանը։

Վերջին նորություններ