0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Ալաշկերտ» - «Փյունիկ» խաղին ընդառաջ

1 դեկտեմբեր, 14:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ, 15-րդ տուր

1-ին խաղաշրջան (Տուր 6). 13.09.2019 «Փյունիկ» - «Ալաշկերտ» 0-3
Գոլեր՝ Գուստավո Մարմենտինի, 27 (0-1), Գուստավո Մարմենտինի, 57 (0-2), Տիագո Գալվաո, 84 (0-3)

Նախորդ տուրում «Փյունիկը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ հյուրընկալվելիս առաջնության հետնապահ «Երևանին» հաղթելով գերխոշոր հաշվով՝ 8-2։ Դա վերջին տարիներին Բարձրագույն խմբի առաջնություններում մեր թիմի ամենախոշոր հաշվով հաղթանակն էր։ 

Վերջին անգամ «Փյունիկը» առաջնությունում 6 գնդակի տարբերությամբ հաղթանակ էր տարել Բարձրագույն խմբի 2012/13թթ. առաջնությունում, երբ 14-րդ տուրում սեփական հարկի տակ 6-0 հաշվով ջախջախել էր «Արարատին»։

Իսկ մեկ խաղի ընթացքում 8 և ավելի գնդակ մեր թիմը վերջին անգամ խփել էր 2006թ.-ի առաջնության 25-րդ տուրում, որտեղ «Փյունիկը» ոչ ֆուտբոլային՝ 12-1 հաշվով հաղթել էր «Կիլիկիային»։

Նախորդ խաղում Դենիս Մահմուդովը դառնալով պոկերի հեղինակ, ոչ միայն 9 գնդակով միանձնյա ստանձնեց «Փյունիկի» գլխավոր ռմբարկուի դերն, այլ նաև առաջնության ռմբարկուների ցուցակում բարձրացավ 2-րդ տեղ և այս պահին 2 գոլով է զիջում «Շիրակի» ռմբարկու Մորի Կոնեին։ Ավելորդ չէ նշել, որ Մահմուդովն առաջնության վերջին 3 խաղերում դաշտից չի հեռացել առանց խփած գոլի։

Նշենք, որ առաջնության խաղերում «Փյունիկի» կազմում վերջին անգամ պոկերի հեղինակ դարձել էր Գալուստ Պետրոսյանը. Բարձրագույն խմբի 2003թ.-ի առաջնության 18-րդ տուրում նա 4 անգամ գրավել էր Աբովյանի «Կոտայքի» դարպասն, իսկ «Փյունիկն» այդ խաղում առավելության էր հասել 7-1 հաշվով։

Հատկանշական է, որ «Երևանի» դեմ խաղում իր նորամուտը Բարձրագույն խմբում նշեց 16-ամյա Լևոն Վարդանյանն, ով կարողացավ նաև 11 մետրանոց վաստակել «Փյունիկի» համար։

Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» վաստակեց 19 միավոր և արդեն 2 միավորով է հետ մնում 6-րդ տեղում ընթացող «Նոայից»։

Բարձրագույն խմբի 15-րդ տուրում, որով կավարտվի առաջնության աշնանային հատվածն ու թիմերը կգնան ձմեռային դադարի, «Փյունիկը» հյուրընկալվելու է լավագույն եռյակը եզրափակող «Ալաշկերտին»։

Առաջին խաղաշրջանի կայացած խաղում մեր թիմը սեփական հարկի տակ 0-3 հաշվով զիջեց «Ալաշկերտին»։     

Իսկ ահա նախորդ մրցաշրջանում կայացած 4 խաղերում «Փյունիկն» ունեցել է զգալի առավելություն «Ալաշկերտի» նկատմամբ՝ տանելով 3 հաղթանակ և կրելով 1 պարտություն։ Ընդ որում, մեր թիմը 2 անգամ հյուրընկալվելիս առավելության էր հասել «Ալաշկերտի» նկատմամբ միևնույն 2-1 հաշվով։

Ավելացնենք, որ «Ալաշկերտ» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 1-ին, «Նաիրի» մարզադաշտում և կսկսվի ժամը 14։00։

Խաղը կսպասարկի Զավեն Հովհաննիսյանը։

Վերջին նորություններ