0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» ՖԱ-ն իր վրդովմունքն է հայտնում ՀՖՖ-ի որոշման վերաբերյալ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խիստ վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության որոշմամբ` զրկել մեր թեկնածուին` Արսեն Աղաջանյանին, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին առաջադրվելու իրավունքից:

Մենք միանգամայն համոզված ենք, որ ներկայացված փաստաթղթերը լիովին համապատասխանում են ՀՖՖ կանոնադրության պահանջներին: Ցանկանում ենք ձեր ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ ընտրական իրավունքի մերժման որոշումը կայացրել է ֆեդերացիան, որը փաստացի ղեկավարվում է այս պաշտոնին հավակնող անձի կողմից, ստեղծելով շահերի ակնհայտ բախում, ինչն ինքնին հակասում է արդար և օրինական ընտրությունների տրամաբանությանը:

Կարծում ենք, որ ֆեդերացիայի ներկայիս ղեկավարների այս հերթական, ոչ կառուցողական քայլը ուղղված է ոչ միայն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի թեկնածուի, այլև ամբողջ հայկական ֆուտբոլի դեմ անցյալի վատագույն ավանդույթներով:

Ցավոք սրտի, նախագահական և գործադիր կոմիտեի անդամների գալիք ընտրությունները վերածվել են հերթական քաղաքական պայքարի, իսկ ֆուտբոլի շահերն ու զարգացումը հետ են մղվել երկրորդ պլան: Կողմնակալ որոշումների սկզբունքները հայկական ֆուտբոլում արդեն երկար տարիներ մնում են անփոփոխ և արդեն իսկ հանգեցրել են կործանարար հետևանքների:

Վստահ ենք, որ նման պայմաններում անիմաստ է հայկական ֆուտբոլի լուրջ զարգացման կամ ապաքինման որևէ հույս փայփայել:

Վերջին նորություններ